08:30 , 1 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն հինգշաբթի օրը՝ հոկտեմբերի 31-ին, հայտարարել է ճարպակալման դեմ պայքար սկսելու մասին՝ հաղորդում է Agence France-Presse-ը:
Ավելորդ քաշի խնդիր չունեցող Մեքսիկայի ղեկավարն ասել է, որ միլիոնավոր մեքսիկացիների կյանքը բառացիորեն վտանգի տակ է: «Մենք չենք կարող ձեռքներս ծալած նստել՝ ավելորդ քաշի և ճարպակալության իսկական համաճարակի պայմաններում»,- ասել է Նյետոն: Նա մեքսիկացիներին կոչ է արել օրական առնվազն մեկ ժամ հատկացնել ֆիզիկական գործունեությանը, օրինակ՝ զբոսանքներին:
Առաջիկայում առողջապահության նախարարությունը կսկսի Մեքսիկայի քաղաքացիների քաշի մոնիտորինգը: Համապատասխան նոր օրենքի՝ օգտակար սննդամթերքի վրա կփակցվի «սննդային արժեք» պիտակը:
Հիշեցնենք, որ Մեքսիկայի խորհրդարանը հավանության է արժանացրել բարձր կալորիական ուտելիքների և գազավորված ըմպելիքների հավելյալ հարկերի սահմանումը: