22:33 , 31 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կիրակի օրը կմեկնի Սաուդյան Արաբիա: Այցը կանցկացվի երկու երկրների միջև հարաբերությունների բարդացման ֆոնին: Հինգշաբթի օրն այս մասին տեղեկացրել է France Press գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչի հայտարարությանը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Քերին իր այցի ընթացքում մտադիր է «հաստատել ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների ռազմավարական բնույթը» և ընդգծել մի շարք միջազգային խնդիրներում երկու երկրների համագործակցության կարևորությունը, փոխանցում է РИА Новости-ն:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հայտնվել, որ Սաուդյան Արաբիան մտադիր է սահմանափակել Վաշինգտոնի հետ համագործակցությունը Սիրիայի իրադրության և Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ տարաձայնությունների պատճառով: Դրանից հետո Քերին խոստովանել էր, որ երկու երկրների միջև որոշակի տարաձայնություններ կան, սակայն Վաշինգտոնը մտադիր է շարունակել համագործակցել Էր-Ռիադի հետ: