17:00 , 31 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է գրավյալ պաղեստինյան հողերում, այդ թվում՝ Արևելյան Երուսաղեմում, բնակավայրերի շինարարության հետագա ծրագրերը: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին:
«Ցանկացած միջոցառում, որ կանխորոշում է (Երուսաղեմի) վերջնական կարգավիճակի հարցեր, չի ճանաչվի միջազգային հանրության կողմից... Բնակավայրերի շինարարությունը հակասում է միջազգային իրավունքին և խոչընդոտում է խաղաղությանը»,- ասվում է Նեսիրկիի հայտարարության մեջ:
Իսրայելը Հորդանան գետի Արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում բնակավայրերի շինարարությունը շարունակելու մասին հայտարարել է 26 պաղեստինցի բանտարկյալներին ազատ արձակելուց հետո:
Նեսիրկիի խոսքերով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հասկանում է, որ Իսրայելին դժվար է տրվել պաղեստինցի բանտարկյալներին ազատ արձակելու որոշումը՝ ի դեմս ներքին ընդդիմության, և երախտապարտ է այդ քայլի համար: Միևնույն ժամանակ նա պաղեստինցիներին և իսրայելցիներին կոչ է արել շարունակել բանակցային գործընթացը և զերծ մնալ գործողություններից, որոնք խափանում են փոխադարձ վստահությունը: