16:12 , 31 հոկտեմբեր, 2013Aysor.am-ը գրում է.
Նախօրեին ժամը 13.00-ից 15.00-ի սահմաններում Ադրբեջանական հենակետերից գնդակոծվել են Տավուշի մարզի սահմանամերձ Դովեղ, Բարեկամավան և Ոսկեպար գյուղերը: Կրակոցների հետևանքով փակվել է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը:
«Փառք Աստծո, այսօր առավոտից կրակոցներ չկան ոչ դիրքերի, ոչ էլ` գյուղի ուղղությամբ»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանը՝ ավելացնելով, որ նախօրեին տեղի ունեցած գնդակոծումից գյուղը չի կրել նյութական վնաս:
«Լավ է, գյուղացիներ չեն տուժել, ինչքան որ նայել ենք` նյութական վնաս էլ չկա»,- ասաց նա:
Ոսկեպարում ու Բարեկամավանում ևս առավոտից կրակոցները դադարել են.
«Երեկ կրակեցին, բայց այսօր դեռևս լուռ է»,- Aysor.am-ին ասաց Բարեկամավանի գյուղապետ Գագիկ Աբազյանը:
Ինչ վերաբերում է Ոսկեպար-Բաղանիս ճանապարհին, ապա Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանի խոսքով` նախօրեին ուշ երեկոյից այն օգտագործվում է.
«Ճանապարհը մի պահ էինք փակել` հենց կրակոցների ժամանակ, անվտանգության համար: Երեկ ուշ երեկոյան արդեն նորից բացվել է ու հիմա օգտագործվում է»,- ասաց Ոսկեպարի գյուղապետը:
Հիշեցնենք, որ օրերս հակառակորդը կրակել էր նաև Իջևան-Բերդ ավտոճանապարհի Պառավաքարի հատվածի վրա: Կրակոցների հետևանքով զոհվել էր ՀՀ ԶՈՒ ժամկետային զինծառայող Գարիկ Պողոսյանը, վիրավորվել էին ևս երեք զինծառայողներ: Դեպքից հետո մինչ այսօր փակ է Պառավաքար-Վազաշեն ճանապարհը: