Ուկրաինան առաջին անգամ բրիտանական հեռահար Storm Shadow հրթիռներ է արձակել Ռուսաստանի տարածք։
Այս մասին նոյեմբերի 20-ի հաղորդել է Bloomberg-ը՝ վկայակոչելով արևմտյան մի պաշտոնյայի, որի անունը չի նշվում։
Լոնդոնն այս տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատել։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի խոսնակն ասել է, որ իր գրասենյակը չի մեկնաբանի նման հաղորդագրությունները:
Մեծ Բրիտանիան ավելի վաղ հայտարարել էր, որ Կիևը կարող է օգտագործել Storm Shadow թևավոր հրթիռներ Ուկրաինայի տարածքում, սակայն Բրիտանիայի կառավարությունը մի քանի ամիս ճնշում է գործադրում Միացյալ Նահանգների վրա, որպեսզի վերջինս թույլ տա դրանց օգտագործումը Ռուսաստանի խորքերում գտնվող թիրախներին հարվածելու համար:
Իր հերթին BBC-ն հաղորդում է, որ Storm Shadow-ի կիրառման մասին հաղորդագրությունները հստակ չեն, սակայն, ամենայն հավանականությամբ, Ուկրաինան այդ հրթիռների օգտագործումը սահմանափակել է ՌԴ Կուրսկի մարզով, որտեղ ուկրաինական ուժերը դեռ շարունակում են պահել դիրքերը։
BBC-ի թղթակից Փոլ Ադամսի համոզմամբ՝ Storm Shadow-ն բավական հզոր հրթիռ է և մեծ ճշգրտությամբ կարող է ներթափանցել նաև բունկերներ։
Հաշվի առնելով, որ Ուկրաինայի մոտ գտնվող այդ հրթիռների թիվը մեծ չէ, ապա թիրախը պետք է որ շատ հանգամանորեն ընտրված լինի, հավելում է պարբերականը։ Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կիևին թույլատրել է ամերիկյան ATACMS հեռահար հրթիռներով հարվածել Ռուսաստանի խորքերը։ Այս հայտարարությունից հետո Կրեմլը հայտնել է, որ դա կնշանակի Վաշինգտոնի ներգրավվածության նոր մակարդակ Ուկրաինայում ընթացող հակամարտության մեջ։
Իսկ նոյեմբերի 19-ին Ռուսաստանը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերն ամերիկյան արտադրության վեց ATACMS հրթիռներով հարվածել են ՌԴ Բրյանսկի մարզում գտնվող օբյեկտի։