Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն ուղերձ է հղել Հայոց բանակի կազմավորման 31-ամյակի առթիվ:

«Այսօր մենք տոնում ենք Հայոց ազգային բանակի կազմավորման 31-րդ տարեդարձը: Սա իսկապես շատ կարևոր ու նշանակալից տոն է բոլոր հայերիս համար: Հայոց բանակի դերն ու նշանակությունն անուրանալի է Հայաստանի Հանրապետության պաշտպանության և, իհարկե, Արցախը հայկական պահելու հարցում, իսկ դա հայկական աշխարհի պաշտպանության երաշխիք է:

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմներում Հայոց բանակի բազմաթիվ կամավորներ անձնվիրաբար կռվել են և պաշտպանել Արցախը՝ կանխելով Արցախի ժողովրդի դեմ իրագործվող էթնիկ զտման քաղաքականությունը: Իմ խոնարհումն եմ հայտնում իրենց կյանքը հանուն հայրենիքի նվիրաբերածներին:

Այսօր բազմաթիվ փորձությունների դիմադրող Արցախն ապացուցում է, որ ձեր անմնացորդ նվիրումն ու անձնազոհությունը մեզ ուժեղ ու անկոտրում են դարձրել: 

Ուղերձս ամփոփեմ Հայոց բանակի պաշտպանության առաջին նախարար, սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերով, որն ուղղված է մեզ բոլորիս. «Բանակը ազգի ինքնաճանաչման հայելին է, բոլոր հայերի ծնունդն է, հայության հավաքական կերպարն է, նրա պատասխանատվությունը, նրա պատմության վերագնահատումը և հայացքը ապագային։

Սիրուն խոսքեր չեմ ասում, ընդամենը ճշմարտություն եմ ասում», - ասվում է ուղերձում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել