«Հրապարակ» թերթը գրում է. ««Հրապարակի» զրուցակիցն է Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանը։

- Ջերմուկի քաղաքապետարանը հաղորդագրություն էր տարածել քաղաքի ապաստարանները կարգի բերելու մասին: Այդ աշխատանքները ստեղծված իրավիճակո՞վ են պայմանավորված, որովհետեւ մարդկանց մոտ բավականին մտահոգություններ է առաջացրել այդ տեղեկությունը՝ հաշվի առնելով սեպտեմբերի 13-ի պատերազմական գործողությունները:

- Մենք կատարում ենք պլանային մաքրման աշխատանքներ, ուղղակի լուսաբանվել է մեր աշխատանքը: Մեր պլանային աշխատանքն իրականացնում է մեր ենթակա կառույցը, իրականացնում է միայն հիմա՝ նախկինում էլ են արել։ Խողովակներ են վնասվում, ստրուկտուրաներ, վերանորոգվում են, վերահսկվում են, մաքրվում են․ դա որեւէ կապ չունի ստեղծված իրավիճակի հետ։

- Այսինքն՝ ապաստարանները կարգի բերելը պատերազմական իրավիճակի հետ կապ չունի՞։

- Ոչ, շենքի նկուղային հարկերը կարգի բերելու խնդիր ունենք հիմա, պարզապես այդ աշխատանքն է լուսաբանվել։

- Իսկ ապաստարանների ու նկուղային հարկերի քանի՞ տոկոսն եք հասցրել կարգի բերել։

- Չեմ կարող այս պահին ասել։

- Հայտնի՞ է, թե երբ կավարտվեն աշխատանքները, վերջնաժամկետ կա՞ սահմանված։

- Այդ աշխատանքներն անընդհատ կատարվում են, մի շենքն ավարտում ես, մյուս շենքում խողովակ է վնասվում, մյուս շենքում էլեկտրաէներգիայի լարն է վնասվում, նկուղային կլինի, մուտքում կլինի, թե դրսում կլինի՝ աշխատանքները միշտ կատարվում են։

- Առողջարանային համալիրները, հյուրանոցները, հանգստյան տներն ու գոտիները աշխատո՞ւմ են Ջերմուկում։

- Հյուրանոցներն ու առողջարանները գործում են, բայց հյուրերի պակաս, իհարկե, զգացվում է։

- Եթե համեմատենք նախորդ տարվա հետ՝ տարբերությունը որքա՞ն է։

- Չեմ կարող ասել, բայց նկատելի է տարբերությունը։

- Իսկ գների իջեցում կա՞, որպեսզի մարդիկ շահագրգռված լինեն գալ։

- Դա մասնավոր սեկտոր է, իրենք են որոշում՝ մենք որեւէ ազդեցություն չունենք իրենց վրա։ Իրավիճակից ելնելով՝ իրենք ճկուն ձեւով աշխատում են, այս պահին՝ մի քիչ էժան, այն պահին՝ մի քիչ թանկ, բայց աշխատում են։

- Եթե հանկարծ թշնամին ռազմական գործողություններ սկսի, Ջերմուկի բնակիչները գիտե՞ն, թե որտեղ պետք է ապաստանեն։

- Ջերմուկի բնակիչներն իրականում գիտեն։ Գիտեք, ռազմական գործողությունների ժամանակ մարդկանց մի մասը լքեց, ովքեր մնացել էին քաղաքում, սկզբնական ժամանակներում պատսպարվեցին իրենց նկուղային մասերում՝ դա Աջափնյակ թաղամասն է, դա Ձախափնյակ թաղամասն է, բոլորն էլ գիտեն։ Մի մասը լքում է, մի մասը պատսպարվում է։

- Ջերմուկին կից բնակավայրերի ապաստարանների հարցը լուծվա՞ծ է։

- Անընդհատ աշխատանքներ են տարվում, մեր համայնքում մարդիկ հիմնականում գիտեն, թե որտեղ պատսպարվեն։

 - Քաղաքի բնակչության մոտավորապես քանի՞ տոկոսն է վերադարձել քաղաք։

- Մեր մոտավոր հաշվարկներով, գրեթե բոլորը՝ 90  տոկոս եւ ավելի։ Գիտեք երեւի՝ Ջերմուկի մեր, ցածր սեզոն կոչված ժամանակահատվածն է, երբ ներքին միգրացիան է ակտիվանում, այսինքն՝ մարդիկ, ովքեր գարուն, ամառ, աշուն այստեղ աշխատում, ապրում էին, ձմեռը երբեմն տեղափոխվում են Հայաստանի այլ վայրեր։ Հիմա, ընդհանուր առմամբ, նաեւ հաշվի առնելով դպրոցներում, մանկապարտեզներում երեխաների քանակն ու շարժին հետեւելով, կարծես թե 90 տոկոս եւ ավելի․․․ նախկինին նմանվող իրավիճակ է բնակչության շրջանում։

- Ներքին միգրացիայի դիմող քաղաքացիները բնակչության քանի՞ տոկոսն են կազմում։

- Մեր կոպիտ հաշվարկներով, որ նախկին տարիներին՝ սեզոնի փակվելու հետ կապված, երեւի 10-15 տոկոսի չափով։

- Այսինքն՝ դպրոցները, բուժհաստատությունները, նախակրթարաններն իրենց սովորական ռեժիմով աշխատում են։

- Բուժհաստատությունը մեկ րոպե իսկ չի դադարեցրել իր աշխատանքը։ Ընդհակառակը, միավորվել է մեր բանակին, կատարել է անհրաժեշտ աշխատանքներ, համապատասխան աջակցություն է ցուցաբերել, իսկ դպրոցներն ու մանկապարտեզները հիմնականում աշխատանքի մեջ են։

- Սեպտեմբերի 13-ի կռվից հետո շա՞տ են այն ընտանիքները, որոնք քաղաքն անվերադարձ լքելու որոշում են կայացրել։

- Մեկ-երկու ասեկոսեներ՝ ընտանիքների մասին, լսել ենք, բայց որ պաշտոնապես դիմած լինեն, ինչ-որ հիմնավորումներ ստացած լինենք՝ ոչ։

- Պատերազմական գործողությունների ժամանակ Ջերմուկի որոշ շինություններ վնասվել էին։ Վնասը գնահատվե՞լ է, վերանորոգման աշխատանքներ սկսվե՞լ են։

- Իհարկե, կրիտիկական ինֆրաստրուկտուրաները՝ գազը, ջուրը, հոսանքն ու կապը, դրանք մեր միջոցներով եւ ծառայությունները մատուցող կազմակերպությունների հետ համագործակցելով՝ արագ, մոտավորապես մեկ շաբաթվա ընթացքում պատերազմից հետո լրիվ կարգի ենք բերել, անխափան աշխատում են, իսկ շինություններ, ճանապարհաեզրեր, որոշ կառույցներ, փոքր հանգստյան տներ, հյուրատներ, ապակիներ՝ որոշ մասը վերականգնվել է, որոշ մասը գնահատվել է, որոշ մասն էլ դեռեւս կառավարության, մարզպետարանի կողմից կազմակերպչական աշխատանքներ են տարվում, որ ընթացք տրվի։

- Չճշտված տեղեկություններ են շրջանառվում, որ Ջերմուկում ծառայություն իրականացնող զինվորները հեղուկ վառելանյութ են վաճառում ու դրա դիմաց ստացված գումարով սնունդ են գնում։ Լսե՞լ եք նման խոսակցություններ։

- Դա ապատեղեկատվություն է, ես՝ ինքս, տեղյակ չեմ, չգիտեմ։ Ես նման բաներ չեմ լսել։

- Տեղեկություններ կան նաեւ, որ զինվորներին տրամադրվող սնունդը վատորակ է, ժամկետանց՝ ուտելու ենթակա չէ։ Այդ մասով Դուք տեղյա՞կ եք։

- Խնդրում եմ նման ապատեղեկատվություն, չհիմնավորված բաներ մի ասեք, Դուք լուրջ թերթ եք։

- Մեր աշխատանքն է՝ ստուգել ցանկացած տեղեկատվություն, որն անգամ բամբասանքի տեսքով շրջանառվում է հասարակության մեջ եւ մեզ է հասնում։

- Ես նման տեղեկատվություն, որ սնունդը ժամկետանց լինի, նման ինֆորմացիայի չեմ տիրապետում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել