Hraparak.am-ը գրում է.

«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, Պեմզաշենում տեղի ունեցած դաժան սպանության մեջ կասկածվող Վրույր Բարսեղյանը փոխել է օրեր առաջ տված ցուցմունքը: Ըստ մեր տեղեկությունների, Վ. Բարսեղյանը նախաքննական մարմնին տեղեկացրել է, որ ինքը չի կատարել սպանությունը:

Փորձեցինք կապ հաստատել Վրույր Բարսեղյանի պաշտպանի հետ, ով ոչ մի հարցի չպատասխանեց, պատճառաբանելով. «Գրասենյակի դիրքորոշումը այսպես է՝ այս փուլում որևէ ձևով հարցազրույց չտալ այս գործով»: 

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ մեր այն հարցին, թե Վրույր Բարսեղյանը փոխե՞լ է նախնական ցուցմունքը, պատասխանեց. «Քննչական գործողություններին առնչվող տեղեկություններն այս փուլում հրապարակման ենթակա չեն»: 

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղի բնակիչների՝ 31-ամյա կնոջ ու նրա 12 և 8 տարեկան երեխաների դիերը հայտնաբերվել էին սեփական տան ննջասենյակում։ Սպանված կնոջ ձեռքերն ու երեխաներից մեկի ձեռքերն ու ոտքերը կապված էին եղել։ Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը), ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (անչափահասի սպանություն)։ Ոստիկանությունը ձերբակալել էր 32 ու 36 տարեկան 2 կասկածյալի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել