«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օրերս պարգեւավճար են ստացել ոչ միայն խորհրդարանի մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, այլ նաեւ նրանց օգնականները, գործավարներն ու փորձագետները: Մեր տեղեկություններով՝ ո՛չ ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները, ո՛չ էլ նրանց օգնականները պարգեւավճարներ չեն ստացել: Ընդդիմադիր խմբակցությունների գործավարներն ու փորձագետները նույնպես պարգեւավճարի չեն արժանացել: Ինչո՞վ է պայմանավորված նման վերաբերմունքը, եւ ի՞նչ սկզբունքով է առաջնորդվել ԱԺ նախագահութունը:

Հարցն ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանին ուղղեցինք: «Քանի որ պատգամավորները չեն գալիս աշխատանքի, իրենց օգնականները հայեցողական պաշտոնի մարդիկ են: Նրանք, ենթարկվելով պատգամավորներին, աշխատանքի չեն գալիս: Հաշվի առնելով պատգամավորների ու նրանց օգնականների բացակաները՝ որոշվել է, որ պարգեւավճար են ստանալու միայն նրանք, որ պատշաճ կերպով աշխատանքի են եկել»,- ի պատասխան մեր հարցին՝ ասաց Խաչատրյանը: Ի՞նչ է ստացվում. օրվա իշխանությունն անգամ պատգամավորների՝ առանց այն էլ ոչ բարձր աշխատավարձ ստացող օգնականների դեպքում է «իմ ու քո անում», մարդկանց սեւերի ու սպիտակների բաժանում:

Հավելենք, որ կան ՔՊ-ական շատ պատգամավորների օգնականներ, որոնք ամիսներով աշխատանքի չեն հաճախում, նրանց դռները կողպված են, բայց քանի որ իշխանական պատգամավորի օգնական են, նաեւ պարգեւատրվում են՝ աշխատանքի չգալու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել