News.am-ը գրում է.

Ադրբեջանական ագրեսիայի ժամանակ զոհված Ուրցաձորի բնակիչ 25-ամյա Վաչիկ Տոնոյանը երկրորդ անգամ էր մեկնել ծառայության` ավարտելու կիսատ թողած ժամկետային ծառայությունը: 

NEWS.am-ի հետ զրույցում Ուրցաձորի նախկին գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանը պատմեց, որ հաշմանդամ մոր միակ խնամակալը լինելու պատճառով Վաչիկը մեկ անգամ ազատվել էր ծառայությունից, սակայն օրենքի փոփոխության հետեւանքով  տարիներ անց նորից էին զինակոչել բանակ` ավարտելու ծառայությունը, նրան 3 ամիս էր մնացել, որ զորացրվեր:

«Վաչիկը հաշմանդամ մայր ունի եւ մեկ քույր, օրենքի փոփոխության պատճառով մեկնել էր ծառայության, Իշխանասարի հատվածում էր ծառայում եւ 3 ամսից կզորացրվեր: Ադրբեջանական հարձակման հետեւանքով  նրանց ամբողջ վաշտը զոհվել է, մեկ հոգու է ինքը կարողացել փրկել, վիրավոր վիճակով բերել է անվտանգ գոտի, ասել են` որ հետ չգնա, վտանգավոր է, սակայն պատասխանել է, որ հրամանատարն այնտեղ է, պետք է վերադառնա, ու այդպես զոհվում է»,- պատմեց Անդրեասյանը:

Վաչիկի քույրն ամուսնացած է, մայրը հաշմանդամ է եւ մնում է առանց խնամակալի:

«Վաչիկը շատ լավ, թասիբով տղա էր, ինքը հեղինակություն ուներ, իրեն լսում էին,անակնկալ պատերազմի զոհ դարձան ուղղակի»,- հավելեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել