Այդ առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը ՇՄ նախարարություն հարցում էր ուղարկել, թե 2 տարվա ընթացքում քանի շինություն է քանդվել: Մեր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են, որ ապամոնտաժման աշխատանքեր են կատարվել 2021թ.-ին միայն: «2022-ին դեռեւս ապամոնտաժման աշխատանքներ չեն կատարվել: «Առաջնահերթությունը տրվել է ջրածածկման ենթակա անտառտնկարկների մաքրման աշխատանքներին»,- ասված է նախարարության՝ մեզ տրամադրված պատասխանում: 2021-ին ՇՄ նախարարությունը Սեւանա լճում 4 պարիսպ է քանդել, 9 վագոն-տնակ ու 5 շենք-շինություն ապամոնտաժել: Այս թվերը լավագույնս են խոսում իշխանության՝ Սեւանա լճի մասին տարբեր ժամանակներում արած վերամբարձ հայտարարությունների, այդ թվում՝ ապօրինի շինություններն ապամոնտաժելու մասին: Սեւանի մասին, ի դեպ, նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր բարձրախոսում՝ ասելով. «Սեւանա լիճը պետք է դարձնել բարձրակարգ տուրիստական գոտի: Առաջին պայմաններից մեկը Սեւանն այդ ցանցային ցանկապատերից ազատելն է: Մեկ էլ գնում ես, ափով քայլում ես, տեսնում ես՝ չափար է դրված»:
Հայտարարությունից ավելի քան երեք տարի անց, սակայն, տեսնում ենք, որ Սեւանա լճի ափամերձ հատվածների «չափարները» ոչ միայն չեն հանվել, այլեւ նոր «չափարներ» են ավելացել, որ պատսպարում են նորօրյա բիզնեսմենների՝ Սեւանի ափին կառուցվող առանձնատները»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել