Այսօր՝ օգոստոսի 17-ին, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ԱՀ –ում հայտարարված սգո օրերի կապակցությամբ  հանդիպում է ունեցել խորհրդարանականների և աշխատակազմի անձնակազմի հետ։

Հանդիպման ժամանակ խորհրդարանի ղեկավարը խոսել է մեր ժողովրդին բաժին հասած փորձություններից, անդրադարձել  օրերս Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պատահարին։

«Պատմության քառուղիներում մաքառած հայ ժողովուրդը բազմիցս ենթարկվել է փորձությունների, կրել զրկանքներ, ապրել ողբերգություններ։

Արցախյան երեք պատերազմներում թրծված հայ ժողովուրդը այսօր ապրում է նոր համազգային ցավ ու կսկիծ։

Դեռևս չեն սպիացել 1988-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով առաջացած վերքերը։

2022թ օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտորնում  տեղի ունեցած դժբախտ պատահարը խորացրեց հայ ազգի մշտապես մրմռացող ցավը։ Հերթական համազգային  ողբերգությունը, ասես, 88-ի աղետալի դեպքերի շարունակությունն էր»,- իր խոսքում ասել է Արթուր Թովմասյանը։

Հաջորդիվ խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի օգոստոսի 16-ին ստորագրած հրամանագիրը, ըստ որի՝ ԱՀ –ում 2022թ օգոստոսի 17- 18-ը ներառյալ հայտարարվել է սուգ՝ ի հիշատակ 2022թ օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ –ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված անձանց։

Արթուր Թովասյանը  անդրադարձել է նաև «Արցախի Հանրապետության դրոշի մասին» օրենքի 4-րդ հոդվածին, համաձայն որի Արցախի Հանրապետության  դրոշը իջեցվում է պաշտոնապես հայտարարված սգո օրերին կամ սգո արարողությունների ժամանակ՝ մինչև դրոշաձողի մեջտեղը։ Դրոշի վերևի մասում ամրացվում է սև ժապավեն, որի երկարությունը հավասարեցվում է դրոշի երկարությանը, իսկ  «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի 28-րդ հոդվածի համաձայն՝ պետության կողմից հայտարարված սգո օրերին գովազդի և զվարճալի հաղորդումների հեռարձակումն արգելվում է։

Ազգային ժողովի  նախագահի ելույթն ամփոփվել է ՀՀ խորհրդարանականներին ուղղված ցավակցական հեռագրով, որում մասնավորապես ասված է․

 «Հայաստանի Հանրապետության  Ազգային ժողովի մեծարգո´ նախագահ պարոն Սիմոնյան,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  հարգարժա´ն փոխնախագահներ, խմբակցությունների ղեկավարներ և քարտուղարներ, մշտական հանձնաժողովների նախագահներ և փոխնախագահներ, պատգամավորներ

Խորապես ցավակցում և մեր զորակցություն ենք հայտնում 2022թ․ օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ –ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին, կիսում կորստյան ծանր վիշտը, իսկ տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում։

Կիսում ենք  համահայկական ողբերգության ցավը և հավաստիացնում, որ Արցախի իշխանություններն ու արցախահայությունը մշտապես  կանգնած են  ձեր կողքին»։

Այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին  Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում զոհված անմեղ  նահատակների հիշատակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել