Armenpress.am-ը գրում է.

Կառավարությունը հաստատեց հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստին նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։

«Որոշման նպատակն է անձնական օգնականի ծառայություն տրամադրելու միջոցով նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի իրացմանը, ինչը մեր երկրի և միջազգային պարտավորությունից է բխում, և նաև մեր Կառավարության հանձնառության հնգամյա ծրագրից»,- ասաց Ժամակոչյանը։

Որոշմամբ սահմանվում է, որ անձնական օգնականի ծառայությունը մատուցվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով։

«Անձնական օգնականի ծառայությունը կարող են ստանալ հենաշարժական, տեսողական և հոգեկան, մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք, որոնց ընտանիքները հաշվառված կլինեն ընտանիքների անապահովության համակարգում և կունենան անապահովության որոշակի մակարդակ»,- ասաց Ժամակոչյանը։

Նախարարի տեղակալի խոսքով՝  նախագծով նախատեսվում է, որ 2450 անձ կստանա անձնական օգնականի ծառայություն։

«Անձնական օգնական կարող է լինել ցանկացած չափահաս անձ, ով կանցնի վերապատրաստում և կհավաստագրվի։ Նաև անձնական օգնական կարող է լինել հաշմանդամություն ունեցող անձի ընտանիքի անդամը»,- ասաց Ժամակոչյանը։

Որոշումն ուժի մեջ է մտնելու 2024թ-ի հունվարի 1-ից, բայց 2023թ-ին կիրականացվի փորձնական ծրագիր, որի արդյունքներով շտկումներ կիրականացվեն ընդունված կարգի մեջ։ Նախնական հաշվարկով` անձնական օգնականի ծառայության մատուցման համար կպահանջվի 5 186 160 000 դրամ։ Հաշվարկը կատարվել է ժամավճարի սկզբունքով՝ 1 ժամվա համար 1050 ՀՀ դրամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել