168.am-ը գրում է․

Նոյեմբերի 28-ին Աշխաբադում Իրանի, Ադրբեջանի ու Թուրքմենստանի ստորագրած գազի տարանցման համաձայնագրից հետո Ադրբեջանի պետական քարոզչությունը և դրան ծառայող փորձագիտական շրջանակները տարածաշրջանային նոր պրոյեկտներ են սկսում գցել լրատվադաշտ, որոնք անմիջականորեն վերաբերում են ՀՀ տարածքին: Պարզվում է, որ Ադրբեջանի քարոզչական շրջանակները շատ ավելի հավակնոտ ծրագրեր են փորձում վերագրել, այսպես կոչված, Զանգեզուրյան, Նախիջևանյան կամ Թյուրքական, իրենց իսկ խոսքերով, միջանցքին, հայկական կողմի պնդմամբ՝ ճանապարհին:

Ակնհայտորեն ոչ պատահականորեն ադրբեջանական պետական քարոզչությանը ծառայող մի շարք փորձագետներ, վերլուծելով վերոնշյալ սվոփային ծրագիրն ու տարածաշրջանային կոմունիկացիոն հեռանկարները, կարծիք են հայտնում, որ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը եռակողմ էներգետիկ համաձայնագրի իրագործման հարցում մի շարք հնարավորություններ կարող է բացել: Թե ինչպես է կոնկրետ այդ ծրագիրն իրականացվելու ենթակառուցվածքային առումով, ադրբեջանցի քարոզիչները չեն բացահայտում, չեն մանրամասնում, սակայն համաձայնագրի ստորագրումից հետո միաժամանակ մի քանի վերլուծաբան, որոնք հայտնի են նաև հայաստանյան հանրությանը, և որոնց անունները կխուսափենք բարձրաձայնել, միաբերան կերպով սկսեցին ներկայացնել նույն պրոյեկտը: Դրա էությունը կայանում է նրանում, որ, այսպես կոչված, միջանցքով կարող են տեղափոխվել էներգակիրներ: Այդ կարծիքների համաձայն, ոչ մոտ ապագայում, այլ այդ ճանապարհի բացման դեպքում՝ ժամանակի ընթացքում, կարող են տեղափոխվել էներգակիրներ:

Ըստ նրանց, ի վերջո գազը կարող է փոխադրվել Զանգեզուրի միջանցքով, և այդ ճանապարհի երկայնքով հնարավոր կլինի կառուցել արդյունաբերական գոտիներ, որոնք կարող են օգտագործել բնական գազ, օրինակ՝ նավթամթերքների արտադրության համար։

Մեկ այլ վերլուծության համաձայն, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի նշանակությունը թյուրքական աշխարհի համար օրեցօր աճելու է, ավելին, ըստ այդ կարծիքի, ի սկզբանե այդ երթուղով գազ և նավթ չի կարող տեղափոխվել, քանի որ ներդրողները խոշոր ծրագրեր իրականացնում են միայն անվտանգային բազմակողմ երաշխիքների պարագայում, որը համընդհանուր սկզբունք է աշխարհի համար, ուստի հարկավոր է, որպեսզի այդ ճանապարհը սկզբնական փուլում «աշխատի» առանց խնդիրների, ապացուցի իր անվտանգային բաղադրիչը:

Սակայն, ըստ էության ադրբեջանցի վերլուծաբանները կասկածներ չունեն, որ այդ ճանապարհը հենց միջանցքի տեսքով կբացվի, և ըստ այդ կարծիքների, 100 տարի անց կիրագործվի ԹՀ հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ծրագիրը Կենտրոնական Ասիայի հետ միջանցք ստեղծելու մասին: Իսկ այդ երթուղով էներգակիրների փոխադրումը միայն ժամանակի հարց է դիտարկվում: Ադրբեջանի իշխանությունների գաղափարների քարոզչությամբ զբաղվողների գեներացրած մտքերը հատկապես մտահոգիչ են, քանի որ սովորաբար դրանք հետագայում հայտնվում են Ադրբեջանի իշխանությունների քաղաքական օրակարգում, և ավելի մտահոգիչ են, երբ եռակողմ բանակցություններն այս հարցի շուրջ տեղի են ունենում փակ ռեժիմով, և հասարակությունը իրապես տեղեկացված չէ, թե կոնկրետ ինչ ծրագրեր են քննարկվում, և դրանք ինչպիսի փոխադրումների համար են նախատեսված և ընդհանրապես՝ ինչպես, ինչ ձևաչափով է ապահովվելու Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ, դա որքանո՞վ անվտանգ և ընդունելի կարող է լինել հայ բնակչության համար:

168.am-ի հետ զրույցում ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ չի պատկերացնում իսկապես դրա իրագործելիության հնարավորությունը, սակայն թյուրքական աշխարհի ընդլայնումը, հզորացումը և կոնկրետ տվյալ միջանցքի ձգտումը նաև նպատակ ունեն թուլացնել ռուսական ազդեցությունը, որում էական դեր ունի էներգետիկ ազդեցությունը:

Ըստ նրա, իհարկե, պատահական չեն նման կարծիքները, գուցե նպատակ կա շոշափել հանրային տրամադրությունները, հասկանալ՝ որքանով է դա ընդունելի հասարակության, նաև հակառակորդ կողմի համար, քանի որ համաձայնություններ են հարկավոր:

«Այս քննարկումներում կա նաև Ռուսաստանը, սա ևս հետաքրքիր հանգամանք է, ուստի կարծում եմ, որ սրանք շատ ավելի հեռու ապագայի հետ կապված քննարկումներ են, որոնք պաշտոնական մակարդակներում դեռ չեն քննարկվում»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել