168.am-ը գրում է․

Սյունիքի մարզի Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը դեռ առողջական խնդիրներ ունի, նա վիրահատական միջամտությունների կարիք ունի։ Այս մասին 168.amի հետ զրույցում ասաց Սուրեն Օհանջանյանի եղբայրը՝ Սեյրան Օհանջանյանը։

Որոտանի համայնքի ղեկավարը, ով հաշմանդամություն է ձեռք բերել Արցախի առաջին պատերազմում, հուլիսի 9-ին կալանավորվել էր՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում գյուղում մարդկանց կոնկրետ քաղաքական ուժի ընտրելու ուղղորդելու մեղադրանքով։

Օգոստոսի 26-ին նրան ազատ էին արձակել, այդ ընթացքում նրա առողջական վիճակն ավելի էր վատացել, քանի որ, հարազատների խոսքով՝ նման առողջական խնդիրներով անթույլատրելի էր նրան պահել կալանքի տակ։ Նրան ազատ արձակելուց հետո իրավապահ մարմիններն առգրավել են բջջային հեռախոսը, որը մինչև օրս չեն վերադարձրել։

«Պետք է վիրահատության ենթարկվի, պետք է անպայման  վիրահատվի, առանց դրա չի կարող։ Մինչև այժմ նա այդպես կատարում է գյուղապետի իր պարտականությունները»,- նշեց Սեյրան Օհանջանյանը։

Ինչ վերաբերում է Որոտանում տիրող ընդհանուր իրավիճակին, գյուղապետի եղբայրն ասաց, որ այս պահին նորմալ է, հետո հավելեց.

«Նորմալ ասածը ո՞րն է․ այնպես է, ինչպես եղել է պատերազմից հետո, երբ թշնամին հայտնվեց Սյունիքում»։

Հիշեցնենք, որ Սեյրան Օհանջանյանի՝ Որոտանում գտնվող երկհարկանի տունը մնացել է թշնամու հսկողության տակ գտնվող տարածքում, այսօր նա ընտանիքի հետ միասին բնակվում է Վերիշեն համայնքում, որը սահմանամերձ է, սակայն պաշտոնական ցուցակով այդ կարգավիճակը չունի։

Ի դեպ, Որոտանի գյուղապետը 44-օրյա պատերազմի ընթացքում եղել է դիրքերում, պատերազմից հետո ևս շարունակել է մնալ դիրքերում այնքան ժամանակ, մինչև Պաշտպանության նախարարի և Նիկոլ Փաշինյանի հրահանգով այդ դիրքերը հանձնվեցին թշնամուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել