ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 21-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ-ամերիկյան երկխոսության զարգացման դինամիկայի կապակցությամբ՝ հատկապես կարևորելով ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում համագործակցությունը: Արարատ Միրզոյանն ու Քերըն Դոնֆրիդը քննարկել են տարբեր հարթակների, այդ թվում՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության (USASD) շրջանակներում ձեռնարկվելիք քայլերը:

«Կողմերն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերին: Երկուստեք կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին՝ նախարար Միրզոյանն առաջնահերթ ընդգծել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների հայրենադարձման հարցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել