168.am-ը գրում է․

Արդեն մեկ տարի է՝ Արցախի 44-օրյա պատերազմում անհետ կորած պայմանագրային զինծառայող 24-ամյա Մարտիկ Սարգսյանի ընտանիքը հույսով սպասում է նրա վերադարձին։ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին Քաշաթաղի շրջանի Իշխանաձորի անկման օրն ընտանիքի անդամների և Մարտիկի միջև կապն ընդհատվել է, երկու օր անց ծնվել է նրա առաջնեկը՝ Արեգը։

Մարտիկ Սարգսյանը երկու տարի առաջ էր համալրել Զինված ուժերի պայմանագրային սպաների շարքերը, ծառայում էր Արարատի զորամասում։

2020 թվականի հոկտեմբերի 6-ին մեկնել է Արցախ՝ Ջաբրայիլ։

168.amի հետ զրույցում Մարտիկի կինը՝ Գոհար Հարությունյանը, ասաց, որ ամուսնու Արցախ մեկնելու վերաբեյալ ոչինչ չի իմացել, մտածել է, թե նա Արարատի մարզի դիրքերում է։

«Մենք այդ ժամանակ մեր առաջնեկին էինք սպասում, հոկտեմբերի 15-ին Մարտիկը Արցախից եկավ տուն, խնդրեցի, որ մնա, ասացի՝ երեխան կծնվի՝ նոր կգնաս, չմնաց, ասաց, որ գնալու է, բայց հետ է գալու, որ երեխային տեսնի։ Արդեն մեկ տարի է՝ սպասում ենք, որ կգա…

Մարտիկը Արցախ կրկին վերադարձավ հոկտեմբերի 18-ի առավոտյան, հաջորդ օրը՝ հոկտեմբերի 19-ին, նա արդեն Իշխանաձորում էր, հենց այդ օրն էլ կապը նրա հետ ընդհատվել է։

Միշտ ինձ գրում էր, զանգահարում, չնայած ինձ չէր ասել, որ Արցախ է գնում, բայց ես զգում էի, որ հեռվում է, ասում էի, որ՝ դու Արցախում ես, հերքում էր, ասում էր՝ նույն տեղում է, որևէ տեղ չի գնացել։ Հոկտեմբերի 18-ի երեկոյան զանգահարեց, ասաց, որ ինձ ու երեխուն լավ նայեմ, առավոտյան կրկին կզանգահարի, գիտեր, որ տղա ենք ունենալու։ Մեկ տարի է՝ ես սպասում եմ նրա զանգին…»

 

Մարտիկի կնոջ խոսքով՝ դեպքից երկու օր անց՝ հոկտեմբերի 21-ին, ծնվում է նրանց առաջնեկը, ում անունը ամուսինը վաղուց արդեն որոշել էր՝ Արեգ։

«8 տարի ճանաչել եմ ամուսնուս, այդքան ժամանակ ընկերություն ենք արել, սակայն իրար հետ ապրել ենք 11 ամիս։ Ամեն անգամ դիրքեր բարձրանալուց ու իջնելուց օրերն էր հաշվում, ասում էր՝ այսքան ժամանակ մնաց երեխայի ծնվելուն, ու ամեն անգամ այդպես, ամենաշատը տղայի ծնվելուն էր սպասում։ Մենք շատ երջանիկ էինք, շատ…

Հոկտեմբերի 20-ին ինձ հիվանդանոց տարան, որպեզի երեխային շուտ ունենամ, որովհետև ամուսնուս լուրն արդեն տարածվել էր, բայց ես տեղյակ չէի։ Հոկտեմբերի 21-ին երեխան ծնվում է, իսկ երեկոյան իմանում եմ ամուսնուս դեպքի մասին։ Ինձ անընդհատ խաբում էին, թե Մարտիկին հարմար չէ, որ զանգի, բայց տեղյակ է, որ երեխան ծնվել է։ 8 օր ինձ թողեցին հիվանդանոցում, որ լուրը չիմանամ, որից հետո տեղեկացանք, որ նա զոհվածների ցուցակում է, որոշ ժամանակ անց Մարտիկի անունը տեղափոխեցին անհետ կորածների ցուցակ՝ մինչ օրս»։

Նա տեղեկացրեց, որ հնարավոր բոլոր կառույցներին դիմել են, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին, Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն․․․, սակայն ապարդյուն, որևէ հստակ տեղեկություն չեն տվել։

«Մեկ տարի է՝ ամուսնուս զորամասից որևէ մեկը չի եկել, չի հետաքրքրվել իր զինվորով։ Ամուսնուս հայրը 24 տարի աշխատել է նույն զորամասում, շաբաթը երկու անգամ գնում է, որ ինչ-որ նորություն իմանա, սակայն որևէ բան չեն ասում ու չեն էլ հետաքրքրվում։

Մենք մտածում ենք, որ ամուսինս գերի է։ Ինչ-որ տեսանյութ կար, բայց չեն հաստատում, ասում են՝ սարքած է, ինքը չէ, ադրբեջանական կողմն էլ որևէ հաստատ բան չի փոխանցում։ Հիմա մենք հրաշքի ենք սպասում, զգում եմ, որ իր գալը մոտ է, իրեն միշտ իմ երազներում տեսնում եմ։ Հոկտեմբերի 21-ին որդիս կդառնա 1 տարեկան, մենք ընտանիքով կհավաքվենք ու նրա ծննդյան օրը երազանք կպահենք, որպեսզի ամուսինս վերադառնա։

Իշխանաձորում որոնողական աշխատանքներ է կատարվել, տղաներից մի քանիսի մարմինը գտել են, նրանց արդեն հուղարկավորել են։ Կարծեմ, երեք հոգին էլ վիրավոր էին, բայց նրանք մեզ հստակ կամ բան չեն ասում, կամ ասում են, որ ամուսնուս չեն տեսել, չեն հիշում, և այլն։

Ամսական ստանում եմ 26․500 դրամ, փորձում եմ երեխայիս ամեն ինչով ապահովել։

Ամուսնուս աշխատավարձը հենց նույն օրը՝ հոկտեմբերի 19-ին, սառեցրել էին, որևէ բան մեզ չեն տվել: Միայն փետրվարից մինչև հոկտեմբեր ստացել ենք 300.000–ական դրամ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել