Armsport.am-ը գրում է.

Այսօր մեկնարկում է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի երկրորդ տուրը։ Այս երեկո և վաղը կկայանան մի շարք սկզբունքային և թեժ հանդիպումներ։ Առաջարկում ենք համառոտ ծանոթանալ այս պահի դրությամբ խմբերում տիրող իրավիճակին և տուրի գլխավոր իրադարձություններին։

Նախորդ տուրում տեղի ունեցավ «Շեյխերի դերբին», որում ՊՍԺ-ն հաղթեց «Սիթիին» և այժմ փարիզեցիները «Բրյուգեի» հետ գլխավորում են մրցաշարային աղյուսակը։ Վերջինս այս տուրում կընդունի անգլիական ակումբին և, ըստ ամենայնի, Գվարդիոլայի թիմին լուրջ փորձություն է սպասվում այսօր։ Կկարողանա՞ բելգիական համեստ ակումբը զարգացնել հաջողությունը, թե «Սիթին» կապացուցի, որ որոշիչ է ֆուտբոլիստների բարձր կարգը՝ կիմանանք արդեն այս երեկո։

Մյուս խաղում «Լայպցիգը» կփորձի առաջին միավորները վաստակել ՊՍԺ-ի հետ խաղում։ Դժվար կլինի, բայց գերմանական ակումբը կորցնելու ոչինչ չունի։ Եթե նրանք այսօր չկարողանան գոնե միավոր կորզել Պոչետինոյի թիմից, ապա բավականին կբարդացնեն իրենց վիճակն այս խմբում։ «Լայպցիգը», իր վառ խաղով և ներուժով, կարող է և հաղթել ՊՍԺ-ին, մնում է միայն հավատալ սեփական ուժերին և, իհարկե, մի փոքր էլ չի խանգարի նաև հաջողությունը։

19.10/ «Բրյուգե»- «Մանչեսթեր Սիթիի» / 20:45
19.10/ ՊՍԺ-«Լայպցիգ» / 23:00

B խմբում կկայանա ընդհանրապես 3-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը՝ «Աթլետիկո»-«Լիվերպուլ»։ Այսօր այս «տիտանները» կպարզեն՝ ով է այս խմբում N1-ը։ Սպասվում է անչա՜փ հետաքրքիր դիմակայություն ոչ միայն ֆուտբոլիստների միջև, այլ նաև մարզիչների միջև․ Կլո՞պ, թե՞՝ Սիմեոնե․․․ կարճ ասած՝ թեժ է լինելու․․․

Իսկ մյուս խաղում «Միլանը» պետք է փորձի վերջապես միավորներ վաստակել, և ցանկալի է՝ հենց երեք միավոր, որպեսզի դուրս չմնա փլեյ-օֆֆի համար մղվող պայքարից։ Իհարկե, խմբային փուլը դեռ հասարակածը չի հատել, ինչ-որ տեղ պետք չէ այսքան շուտ վստահ ասել, թե որ թիմը դուրս կմնա հետագա պայքարից, իսկ ով կշարունակի ոդիսականը։ Բայց եթե «Միլանը», որը լավ տպավորություն թողեց նախորդ խաղերում, չկարողանա դրական արդյունքի հասնել նույնիսկ պորտուգալական թիմի հետ խաղում․․․ կարծում եմ, պետք չէ միտքս շարունակեմ։ Այսպես ասենք, Զլատանը խաղընկերներին դա չի ների։ Այնպես որ, չեք բարկացնում Զլատանին, և նրա գլխավորությամբ գնում եք երեք միավորի հետևից․․․

19.10/ «Պորտու»-«Միլան» / 23:00
19.10/ «Աթլետիկո»-«Լիվերպուլ» / 23:00

Եվս մեկ հետաքրքիր ներկայացում մեզ սպասվում է «Այաքսի» ու «Բորուսիայի» միջև դիմակայությունում։ Այս երկուսը կփորձեն պարզել, թե ով կլինի առաջինը խմբում, իսկ ահա մյուս խաղում կհանդիպեն խմբի երկու աութսայդերները՝ «Բեշիքթաշն» ու «Սպորտինգը», որոնք, ամենայն հավանականությամբ, այս խմբում մաքսիմում կվիճարկեն ԵԼ ուղեգիրը (երրորդ տեղ)։

19.10/  «Բեշիքթաշ»-«Սպորտինգ» / 20:45
19.10/ «Այաքս»-«Բորուսիա»-/ 23:00

Այս խմբի, ոչ, նույնիսկ ամբողջ խմբային փուլի գլխավոր սենսացիան՝ «Շերիֆը», այսօր կփորձի զարգացնել հաջողությունը Միլանում։ Տեղի «Ինտերի» համար ևս այս հանդիպումը շատ կարևոր է, քանի որ պետք է վերջապես փորձել երեք միավոր վաստակել ու միանալ փլեյ-օֆֆի համար մրցավազքին։ Առաջին երկու տուրերում միլանյան երկու թիմերին «պարոն Հաջողությունը» պարզապես անտեսում է, միգուցե այսօ՞ր ինչ որ բան կփոխվի․․․

Մյուս խաղում, կարծում եմ, «Ռեալին» հեշտ հանդիպում չի սպասվում «Շախտյորի» հետ դիմակայությունում։ Այնպես որ, թղթի վրա ունենք երկու ակնհայտ ֆավորիտներով հանդիպում, սակայն իրականությունը․․․ պարզապես նայեք վերևի նկարին, որտեղ մրցաշարային աղյուսակն է․․․

19.10/ «Շախտյոր»-«Ռեալ» / 23:00
19.10/ «Ինտեր»-«Շերիֆ» / 23:00

«Բավարիան» շարունակում է ուղղակի առանց մեծ ջանքեր գործադրելու «ոչնչացնել» մրցակիցներն․ կիրակի օրը նրանց հերթական զոհը դարձավ «Բայերը», իսկ վաղը՝ հոկտեմբերի 20-ին, այս անպարտելի մեքենային կհյուրընկալի «Բենֆիկան»։ Հետաքրքիր կլինի, որ վերջինս կարողնա միավորներ խլել գերմանական գրանդից, որպեսզի այս խմբում էլ ավելի թեժանա պայքարն առաջին տեղի համար, բայց․․․ ամենայն հավանականությամբ, ականատես կլինենք «Բավարիայի» հերթական երեք միավորին։

Իսկ ահա մյուս խաղում երեք միավոր սպասում ենք «Բարսելոնայից»։ Մրցակիցն ամենաբարդը չէ, Կումանի թիմը խաղում է տանը, մյուս խաղում, ինպես վերը նշեցինք, «Բենֆիկան» հավանաբար կկորցնի միավորներ․․․ այնպես որ, ժամանակն է բարելավել մրցաշարային իրավիճակը։

20.10/ «Բարսելոնա»-«Դինամո» / 20:45
20.10/ «Բենֆիկա»-«Բավարիա»/ 23:00

Եվս մեկ անչափ հետաքրքիր դիմակայություն է սպասվում այս տուրում, այս անգամ ՄՅՈՒ-ի և «Ատալանտայի» միջև։ Երկու թիմերն էլ պայքարելու են խմբից դուրս գալու համար, այս պայքարին կարող է միանալ նաև «Վիլյառեալը», եթե կարողանա արտագնա խաղում հաղթել «Յանգ Բոյսին»։ Վերջինս, իր հերթին, արդեն ապացուցել է, որ չի պատրաստվում հարմարվել միավորներ բաժանողի դերին, և ևս կձգտի առավելագույնս «փչացնել» մրցակիցների տրամադրությունը։ Այնպես որ, այս խումբն ամենաուրախներից մեկն է՝ անակնկալ արդյունքների և անզիջում պայքարի տեսանկյունից։

20.10/  «Յանգ Բոյս»-«Վիլյառեալ» / 23:00
20.10/ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ատալանտա» / 23:00

Իսկ ահա ո՞ր խումբն է ավելի «ուրախ», քան նախորդը․․․ դա G խումբն է։ Մինչ խմբային փուլի մեկնարկը դժվար էր կանխատեսել՝ ո՞ր թիմերը կկազմեն առաջատար դուետը, և այս պահի դրությամբ ոչինչ չի փոխվել։ Այժմ ևս դժվար է ասել, թե ինչպես կզարգանան իրադարձություններն այս խմբում։ G կվարտետից փլեյ-օֆֆ փուլ կարող է դուրս գալ յուրաքանչյուրը, և դա ավելի է մեծացնում այս խմբի իրադարձություններին հետևելու ցանկությունը։

20.10/ «Զալցբուրգ»-«Վոլֆսբուրգ» / 20:45
20.10/ «Լիլ»-«Սևիլյա» / 23:00

H խմբում արդեն այսօր որոշ հարցերի պատասխաններ կստանանք, որոնցից գլխավորը՝ կարո՞ղ է «Զենիթը» խառնել «Յուվենտուսի» և «Չելսիի» խաղաքարտերը և ևս պայքարել փլեյ-օֆֆի համար։ Իսկ «Յուվենտուսն» իր հերթին կփորձի ամրապնդվել առաջին հորիզոնականում, քանի որ «Չելսիին», թող ներեն ինձ «Մալմյոյի» երկրպագուները, թեթև զբոսանք է սպասվում Սթեմֆորդ Բրիջում։ Այս խմբի գլխավոր աֆիշան, միանշանակ, Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպումն է։

20.10/ «Չելսի»-«Մալմյո» / 23:00
20.10/ «Զենիթ»-«Յուվենտուս» / 23:00

Երկրորդ տուրից հետո ռմբարկուների լավագույն եռյակը մնացել է անփոփոխ, ավելացել է միայն այդ խաղացողների գոլերի քանակը։ Ալերը, Նկունկուն և Լևանդովսկին այս տուրում ևս լավ հնարավորություն ունեն բարելավելու իրենց ցուցանիշները։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել