Armeniasputnik.am-ը գրում է.

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ստորաբաժանումն Ապրիլյան պատերազմի ժամանակ կոնկրետ մարտական գործողությունների չի մասնակցել։ Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի այսօրվա նիստի ժամանակ այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հարցին, թե ի վերջո Փաշինյանը մասնակցե՞լ է Ապրիլյան պատերազմին։

«Փաշինյանի գլխավորած ստորաբաժանումը մասնակցել է ինժեներական աշխատանքների։ Դա չի համարվում մարտական գործողությունների մասնակից։ Այսինքն` ինչպես շատ-շատ մեր հայրենակիցներ` համակողմանի ապահովման խնդիրներով իրենց պատրաստակամությունն են հայտնել»,–ասաց Օհանյանը։

Նրա խոսքով`նույնիսկ շատ զինվորականների զինգրքույկներում, որոնք մարտական կետերում չեն եղել, չի նշվել, որ մարտական գործողությունների են մասնակցել։

Օհանյանը հավելեց, որ Փաշինյանի գլխավորած ստորաբաժանումն իր կատարած աշխատանքների համար բանակի հրամանատարության կողմից գնահատվել է` պատվագիր են ստացել։

«Ես այդ պատվոգիրը ստորագրել եմ, հիմա հո հետ չե՞մ վերցնելու»,–ասաց Օհանյանը։

Իսկ թե ինչու են գլուխ գովում իշխանության ներկայացուցիչներն ու ասում` մասնակցել են պատերազմին, Օհանյանը նշեց` քաղաքական թիմի մեծամասնության մոտ PR–ի աստիճանը բարձր է։

Ի պատասխան Արեգնազ Մանուկյանը նշեց, որ եթե այդպես է, ապա ինչո՞ւ էին «Նիկոլենք պնդում, թե մասնակցել են ապրիլյանին»։

Դրանից հետո ԱԺ դահլիճում մի փոքր իրարանցում եղավ, քանի որ իշխանական պատգամավորներին դուր չէր եկել Մանուկյանի արտահայտվելու ձևը վարչապետի մասին։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշեց, որ հաջորդ անգամ կարգապահական տույժ կկիրառի, եթե վարչապետի մասին այդպես խոսեն։

Հիշեցնենք, որ երեկ «Հայաստան» դաշինքի պատգամավորի Արթուր Խաչատրյանը նշեց, որ ՔՊ–ական Հակոբ Արշակյանի կենսագրության մեջ նշվում է` 2016-ին ապրիլյան պատերազմում ծառայել է առաջնագծում։

Կայքերից մեկի հարցմանը ՊՆ–ն պատասխանել է, որ ՔՊ–ի կամավորական ջոկատը 2016-ի մայիսի 14-ից գործուղվել է պաշտպանության բանակ` Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ բնակավայր։

Ի պատասխան Արշակյանը նշել էր, որ Սեյրան Օհանյանն էլ, որն ապրիլյանի ժամանակ պաշտպանության նախարար էր, ԱԺ–ում ներկա է և կարող են նրանից ճշտումներ անել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել