Armeniasputnik.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։

«Հուսով եմ, որ Ձեր գլխավորած կառավարության գործունեությունը կնպաստի ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանը»,–ասվում է ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում:

Վլադիմիր Պուտինը նշել է, որ ՌԴ–ն իր կողմից պատրաստ է շարունակել կառուցողական երկխոսությունը և համատեղ աշխատանքը երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ:

Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:

Իսկ քանի որ ԱԺ–ում մեծամասնություն են կազմում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրված պատգամավորները, նրանք այսօր առաջադրեցին Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։

Ավելի ուշ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց, և Փաշինյանը կրկին նշանակվեց ՀՀ վարչապետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել