Factor.am-ը գրում է.

Aerostar տակտիկական ԱԹՍ-ն մշակել և արտադրում է իսրայելական Aeronautics Defence Systems ընկերությունը։ Անօդաչուն նախատեսված է հետախուզական գործողությունների, դիտարկման, թիրախի ճշգրտման համար։   Թռչող սարքը կառավարման կենտրոնից կարող է հեռանալ մինչև 250 կմ։  Այն զարգացնում է մինչև 203 կմ/ժ արագություն, օդում կարող է մնալ մինչև 12 ժամ։ Թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 5,5 կմ։  Aerostar-ի թևերի բացվածքը 8,7 մետր է, երկարությունը՝ 4,5 մետր, անօդաչուն կարող է կրել մինչև 50 կգ բեռ։

ԱԹՍ-ն Իսրայելում սկսել է կիրառվել 2000 թվականից․սկզբնական շրջանում այն օգտագործվել է ոստիկանության կողմից՝ երթևեկության կանոնների խախտումներն արձանագրելու, հանցագործներին ու անհետ կորածներին հայտնաբերելու համար։  Aerostar-ի արտահանման առաջին գործարքը կայացավ 2008-ին․պատվիրատուն 30 մլն դոլարով ձեռք բերեց անօդաչու թռչող սարքերի 4 համակարգ։ Դրանցից յուրաքանչյուրը ներառում էր 4-ական ԱԹՍ-ներ, թռիչքային հարթակներ, ղեկավարման երկրային կայանքներ, տվյալների փոխանցման համակարգ։

Հենց 2008-ին էլ հայտնի դարձավ Ադրբեջանի կողմից իսրայելական անօդաչուների ձեռքբերման մասին։ Այդ տարվա օգոստոսին կայացած ռազմական շքերթում Բաքուն ներկայացրեց ոչ միայն Aerostar, այլև Orbiter 2М տեսակի ԱԹՍ-ներ։

Ընդամենը 3 տարի անց Բաքուն հայտարարեց, որ համաձայնություն կա  իսրայելական ընկերության այս ԱԹՍ-ներն արտադրել տեղում՝ հատուկ այդ նպատակով հիմնված Azad Systems ընկերությունում։ Եվս 2 տարի անց  հերթական շքերթի ժամանակ ներկայացվեցին արդեն Ադրբեջանում արտադրված Aerostar ԱԹՍ-ները։

Այսօր ադրբեջանական զինուժը քանի այսպիսի անօդաչու ունի՝ տվյալներ չկան։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել