168.am-ը գրում է․

Գեղարքունիքի մարզի Սոթք-Վերին Շորժա հատվածներում, որտեղ այս գիշեր ադրբեջանական զինված ուժերի կողմից սկսվել էին նախահարձակ մարտական գործողություններ, հաստատված հրադադարից հետո համեմատաբար հանգիստ է: Այս մասին 168.am-ին փոխանցեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, որն այժմ գտնվում է Վարդենիսում:

«Այս պահին իրավիճակը համեմատաբար խաղաղ է, կրակոցների ձայներ մենք չենք լսում, բայց ակտիվություն նկատվում է, շարժ նկատվում է դեպի սահման: Անընդհատ մեքենաների շարժ նկատելի է: Առավոտյան 9:30-10-ից հետո ինտենսիվությունը դադարեց ու ընդհանրապես որևէ ձայներ այլևս չեն լսվում: Թեպետ ինձ հայտնեցին, որ Վերին Շորժայի կողմում շարունակվել են մի քանի անգամ կրակոցներ, այսինքն՝ հրադադարի հաստատումից հետո ձայներ լսվել են, բայց համեմատաբար խաղաղ է այս պահին իրավիճակը»,- ասաց Թագուհի Թովմասյանը:

Պատգամավորը չունի այն հարցի պատասխանը, թե ինչ պայմաններով և որքան ժամանակով է հաստատվել հրադադարը, ինչ են խոստացել կամ պահանջել այդ հրադադարի դիմաց:

«Դեռ ես որևէ պատասխան չեմ ստացել, թեպետ հրապարակավ եմ խնդրել պարզաբանում: Եվ անհրաժեշտություն կա հասկանալու՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ հայկական կողմը՝ Նիկոլ Փաշինյանի ձեռքով նոյեմբերի 9-ին անակնկալ կերպով ստորագրեց հրադադարի փաստաթուղթ, որը ոչ միայն հրադադարի փաստաթուղթ էր, այլ մի շարք տարածքների հանձնման»,- նշեց Թագուհի Թովմասյանը:

ԱԺ պատգամավորը նաև չունի տեղեկություն, թե ինչ բանակցության մասին էր խոսվում ՊՆ հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ ըստ ՊՆ հաղորդագրության՝ «Հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում»:

Մամուլում միայն շրջանառվում են ոչ պաշտոնական տեղեկություններ, թե այսօր Մոսկվայում պետք է կայանար Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը:

«Ինչպես նոյեմբերի 9-ի փաստաթուղթն էր գաղտնի պահվում կամ մինչ այդ տարբեր գործընթացներ, այնպես էլ դա, մինչև հիմա որևէ մեկին հայտնի չի եղել, թե ինչ էին պատրաստվում բանակցել, ինչի շուրջ էր գնալու բանակցությունը, ում միջև էր գնալու, ոչինչ հայտնի չէր»,- ասաց Թովմասյանը:

Մեր զրուցակիցը նաև փոխանցեց, որ Վարդենիսի բնակիչները՝ մոտ 8 ամիս սահմանին արդեն բավական մոտիկ ապրող մարդիկ, ապրում են՝ այլընտրանք չունենալով:

«Իրենք իրենց տներում ապրում են, որևէ այլընտրանք չկա: Իսկ թե ինչ է սպասվում, դա քաղաքական ղեկավարությունը պիտի ասի՝ որքանով է անվտանգ այսուհետ այս հատվածներում բնակվելը: Մարդիկ փորձում են իրենց կենցաղը կարգավորել և հաշտվել այն մտքի հետ, որ պիտի կրակոցների ներքո գիշերեն կամ ցերեկն անցկացնեն, բայց այսպես ես կարծում եմ, որ բոլորս էլ հասկանում ենք՝ երկար չի կարող շարունակվել: Իրավիճակին հանգուցալուծում է պետք»,- ասաց ԱԺ պատգամավորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել