Hraparak.am-ը գրում է.

Երեկոյան մեզ թվում էր՝ Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելը կարող է իրավիճակ փոխել եւ վերջապես ՀՀ իշխանությունը, բանակը, ԱԱԾ-ն գործի կանցնեն։ Որքան մեծ էր մեր հիասթափությունը, երբ այսօր առավոտյան մեկնարկած կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտարարեց, որ իրավիճակը նույնն է՝ Սեւ լճի մոտ դեռ ադրբեջանցիներն են, բայց փոխհրաձգություն չկա։

Սա փոքր մխիթարություն է, քանի որ լիճը, որն այդ տարածաշրջանի համար կյանքի աղբյուր է, ամբողջությամբ գտնվում է թշնամու վերահսկողության տակ եւ այս իշխանությունն անկարող է մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու։

Մենք տեղեկացանք, որ քիչ անց՝ ժամը 12․00-ին բանակցություններ են սկսվելու ադրբեջանական կողմի հետ՝ ռուսների մասնակցությամբ։ Փորձելու են խաղաղ բանակցությունների միջոցով ազատել տարածքը եւ հետ մղել զավթիչներին։ 

Փաստորեն՝ երբ անհրաժեշտ էր բանակցել, որ աղետալի պատերազմը չսկսվի՝ չարեցին, հիմա՝ երբ հարկավոր է ուժ կիրառել եւ մեր տարածք մտած թշնամուն զինաթափել եւ վնասազերծել, խաղաղ բանակցություններ են վարում։

Հիշեցնենք, որ երեկ տարբեր լուրեր էին տարածվում՝ առավոտյան հերքում էին ներխուժելու փաստը եւ մամուլի տեղեկությունները, որ 3 կիլոմետր առաջ են եկել, ապա Սյունիքի մարզպետը «Հայկական ժամանակին» ասաց, որ 1-2 կիլոմետր են ներխուժել, իսկ Անվտանգության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 3,5 կմ են ներխուժել եւ իրավիճակը վտանգավոր է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել