Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ մայիսի 10-ին, մեր գործընկեր Yerkir.am-ը տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես էր Իջևանի բնակիչն Ազգային ժողովի դարպասների մոտ բերել ավանակին, որի ժամանակ ոստիկանները ավանակատիրոջը և ավանակին բերման էին ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այդ տղամարդը Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ՝ 36-ամյա Սևադա Ղուկասյանն է, իսկ ավանակին գյուղում անվանում են «Զազո»։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ անձնական խուզարկությամբ Ս. Ղուկասյանի մոտ հայտնաբերվել է կասկածելի թմրանյութ և նշված փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Վերջինս բաց է թողնվել, իսկ ավանակին էլ, մինչև նրան հանձնելը, տեղափոխել էին Երևանի Վարդան Մամիկոնյանի արձանի հարևանությամբ գտնվող կենդանիների խնամքի վայր։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Իջևանի բնակիչը, իջևանցիների խնդրանքով, էշը վերցրած, եկել էր Ազգային ժողովի դարպասների մոտ և սպասել Նիկոլ Փաշինյանին, հաղորդել էր Yerkir.am-ը:  

Ըստ նրա՝ Իջևանում հին ավանդույթ կա՝ դավաճանին էշի վրա թարս նստեցրած քաղաքով պտտացնում են: Հաշվի առնելով, որ Փաշինյանը դավաճանել է հայ ժողովրդին և հայոց պետականությանը, իջևանցին, էշը վերցրած, եկել էր Ազգային ժողովի դարպասների մոտ՝ իրականացնելու համար պապերից ժառանգած ավանդույթը:  

«Եկել եմ մեր դավաճանին տանեմ։ Սա ակցիա չի, իրոք լուրջ տրամադրված եկել եմ։ Ես Աչաջուր գյուղից եմ, ինքը իմ համագյուղացում՝ Օնիկ Գասպարյանին դավաճան է համարում, որը շատ մեծ ներդրում ունի: Ես էլ իջեւանցի տղա եմ, ամաչում եմ ասեմ՝ իջեւանցի եմ: Հիմա որ վաղը ասելիք ունենամ մեր ժողովրդին, էշով եկել եմ, որ տանեմ մեր շաշին: Մեր իշուկի անունը կակռազ Իլհամիկ ա, ինքն իրեն շատ լավ կզգա, որ Իլհամիկի վրա նստած քաղաքով կպտտվի»,-ասաց աչաջրեցին: Իր ճանապարհը փակած ոստիկաններին իջևանցին հակադարձեց՝ գոնե բարձրանամ, որ գոռամ՝ լսի, իմանա, որ տեղ եմ հասել, ինքը գալու ա, էլի, ինքը տեղյակ ա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել