168.am-ը գրում է․

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. ապրիլը 2020թ. ապրիլի նկատմամբ) կազմել է 6.2%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1.3%:  2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ՝ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի՝ 8.3%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 2.6% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել են բանջարեղենի, յուղերի և ճարպերի, ձկան և ծովամթերքի, շաքարի և շաքարավազի, մրգի ապրանքախմբերում գրանցված 5.3-7.8% գնաճերը:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ՝ գրանցվել է 41.0%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 7.5% գնաճ: Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ՝ արձանագրվել է 9.2%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 6.7% գնաճ: Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ՝ արձանագրվել է 28.6%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 5.9% գնաճ (արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ կազմել է 73.5%, իսկ 2020թ. մարտի համեմատ՝ 11.0%): Բանջարեղենի ապրանքախմբում  2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ՝ արձանագրվել է 8.5%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 5.3% գնաճ:

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ՝ գրանցվել է 13.4%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 1.4% գնաճ: Ձվի գինը 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ՝ աճել է 55.7%-ով, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 4.7%-ով: 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ՝ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 4.0%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 0.6% գնաճ: Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ՝ արձանագրվել է 8.8%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ 1.1% գնաճ:

Ալկոհոլային խմիչքի միջին գնաճը 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ՝ կազմել է 8.7%, 2021թ. մարտի համեմատ՝ 0.8%, իսկ ծխախոտային արտադրատեսակներինը՝ համապատասխանաբար՝ 9.1% և 1.6%: 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ՝ հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում գրանցվել է 7.6%, 2021թ. մարտի համեմատ՝ 0.5% գնաճ (հացի և ալյուրի գնաճը 2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ՝ կազմել է համապատասխանաբար՝ 8.1% և 9.9%, իսկ 2021թ. մարտի համեմատ՝ գրանցվել է 0.1% գնաճ և 0.2% գնանկում): 2021թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոչ ալկոհոլային խմիչքի և սուրճի, թեյի, կակաոյի՝ համապատասխանաբար՝ 0.6% և 0.7% գնաճ:

2021թ. ապրիլին մարտի համեմատ՝ սպառողական գների 1.3% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.4% նվազումով (ՀՀ դրամն արժևորվել է): 2021թ. ապրիլին 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ հանրապետությունում գրանցվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 5.1% և 1.3% հավելաճ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 2.6% և 2.2% հավելաճ: 2021թ. ապրիլին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 525.6 դրամ, ինչը 7.6%-ով բարձր է 2020թ. ապրիլի համապատասխան ցուցանիշից (488.7 դրամ):

Հայաստանի գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը 168.am-ի հետ զրույցում խոսելով մեր երկրի կողմից զսպման մեխանիզմներ կիրառելու մասին՝ նշեց, որ դրանք մի քանիսն են։

«Առաջինն այն է, որ Կենտրոնական բանկը ժամանակ առ ժամանակ փորձում է դոլարի, եվրոյի կուրսը պահել, շատ չի թողնում բարձրանա, հակառակ դեպքում  գներն ավելի կբարձրանան։ Զսպման երկրորդ գործիքը տեղական արտադրությունների խթանումն է, որ կարողանանք ունենալ մեր մթերքները, փոխարինենք ներմուծվող ապրանքները, ու տեղականը, բնականաբար, լինի ավելի մատչելի գնով։

Գնաճը զսպելու երրորդ մեխանիզմն այն է, որ պետությունը կարող է վերջին հաշվով որոշել գնային ինչ-որ սանդղակ՝ ասելով, որ՝ այսքանից ավելի մի վաճառեք, որովհետև սոցիալական  խնդիրները սրվում են՝ գների աճը բերում է լրացուցիչ աղքատության ավելացման ռիսկեր»,-ասաց տնտեսագետը՝ կարևորելով  պարենանվտանգության հարցերը լավացնելը՝ գլոբալ տեսանկյունից, որը վերաբերում է ինքնաբավության խնդիրներին։

Նրա խոսքով, անհրաժեշտ է ինքնաբավություն ապահովել կարևոր ապրանքների գծով, որոնք որոշիչ են կենսապահովման զամբյուղի տեսանկյունից։

Հավելենք, որ մայիսի 4-ին մամլո ասուլիսի ժամանակ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն անդրադարձել է Հայաստանում գրանցված գնաճին՝ նկատելով․ «Այդ գները մենք՝ որպես փոքր ներմուծող երկիր, չենք կարող անտեսել։ Մենք չունենք ներքին արտադրություն, որն ուղղված է բացառապես ներքին սպառողին, հետևաբար՝ ապրանքները ներմուծում ենք գնաճով։ Սրան գումարած՝ փոխարժեքի որոշակի տատանողականությունը։ Այստեղ, սակայն, հետաքրքիր ֆենոմեն կա. գները բարձրանում են փոխարժեքին զուգընթաց, բայց երբ փոխարժեքը որոշակիորեն նահանջում է նախկին մակարդակին, գներն ավելի դանդաղ են իջնում»,- ասաց ԿԲ նախագահը՝ հավելելով, որ այստեղ որոշակի անելիք կա, սակայն սա միջազգային ֆենոմեն է։

Նրա խոսքով՝ հիմա համաշխարհային շուկայում նորից նկատվում է գների աճ եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում՝ պայմանավորված լավատեսական տնտեսական աճի սպասումներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել