Pastinfo.am-ը գրում է.

Մոտ մեկ շաբաթ է Լենինգրադյան փողոցի միջնամասում՝ անմիջապես խաչմերուկի վրա մեծ փոս է փորվել, որը ոչ միայն բազմաթիվ անհարմարությունների ու խցանումների պատճառ է դարձել, այլ նաեւ վտանգի աղբյուր։ Այսօր հենց այդ փոսում է հայտնվել Օպել մակնիշի մեքենան։ 

Փոսը շրջափակված է ժապավենով, սակայն լուսավորված չէ գիշերային լուսավորությամբ, իսկ կեսգիշերից հետո, երբ անջատվում է նաեւ փողոցների ընդհանուր լուսավորությունը, վարորդների համար այն պարզապես տեսանելի չէ՝ դառնալով մահաբեր փոս։

«Փաստինֆո»-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է մեքենան կեսգիշերն անց ընկել փոսը, բարեբախտաբար վարորդի կյանքի համար վտանգավոր վնասվածքներ այս պարագայում չի ստացել։

Մեր հարցմանն ի պատասխան ԱԻՆ-ից հայտնեցին, որ մայիսի 5-ին՝ ժամը 00։50-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Օպել մակնիշի մեքենան Լենինգրադյան փողոցում ընկել է փոսը։ Օգնության է հասել փրկարար ծառայության մեկ մարտական հաշվարկ։ Դեպքի վայր են մեկնել նաև շտապօգնության աշխատակիցները, որոնք տեղում օգնություն են ցուցաբերել վարորդին։

«Մենք ահազանգ ենք ստացել գիշերը ժամ մեկի սահմաններում։ Մեկ մարտական հաշվարկ է մեկնել այնտեղ։ Փոս է փորվել շինարարական աշխատանքների նպատակով, մեքենան դիմացի անիվներով ընկել է փոսը։ ԱԻՆ աշխատակիցները գազի բալոնը փակել են, շտապօգնությունն էլ առաջին օգնություն է ցույց տվել։ Վարորդը թեթև վնասվածք է ստացել»,- հայտնել են ԱԻՆ-ից։

Նշենք, որ Լենինգրադյան փողոցի երթեւեկելի ճանապարհի բանուկ մասում արդեն մեծ շաբաթ փորված փոսից բացի շինարարական աշխատանքներ են տարվում նաեւ դեպի Նոյ թաղամաս տանող ճանապարհի հարեւանությամբ, որտեղ նույնպես չկա գիշերային լուսավորություն՝ դառնալով պոտենցիալ վտանգի աղբյուր վարորդների համար, բայց այս խնդիրները Երեւանի քաղաքապետարանին առանձնապես չի մտահոգում եւ ոչինչ, որ իրենց անգործության հետեւանքով տուժում է բնակիչների առողջությունն ու կյանքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել