Hraparak.am-ը գրում է.

Այսօր ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այցելել է «Ռեֆերենս» լաբորատոր կենտրոն և պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Նախարարի պաշտոնակատարը կոչ է արել զերծ մնալ նախապաշարումներից և գիտակցաբար ընդունել պատվաստվելու անհրաժեշտությունն ու կարևորությունը։ Կորոնավիրուսի դեմ պատվաստվել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը՝ միանալով «Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր» կարգախոսին:

Նախարարության հաղորդագրության մեջ, սակայն, նշված չէ, թե ի՞նչ պատասվաստանյութով է պատվաստվել Դումանյանը, ուստի փորձեցինք դա ճշտել նախարարությունից՝ նկատի առնելով, որ շարքային քաղաքացիներին պատվաստում են «AstraZeneca»-ով, իսկ պաշտոնյաներին՝ անվտանգ «Sputnik v»-ով, պարզվեց Դումանյանը ևս բացառություն չէ, նա «Sputnik v»-ով է պատվաստվել։ 

Նշենք, որ նախարարությունից դժկամությամբ պատասխանեցին մեր հարցին, ասելով, թե դա ի՞նչ մի կարևոր բան է։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ է «Sputnik V»-ով պատվաստվել, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ։ 

Չնայած, որ վարչապետ Փաշինյանը երեկ չպատասխանեց պատգամավորի հարցին, թե ի՞նչ պատվաստանյութով է պատվաստվել, սակայն այսօր հայտնի դարձավ, որ նա նույնպես «Sputnik V»-ով է պատվաստվել։ Փաստորեն ստացվում է, որ իշխանականների «արյունը կապույտ» է, նրանք հասարակ ժողովրդին վտանգավոր «AstraZeneca» են դեմ տալիս, սպառնալիքներով ու համոզելով փորձում պատվաստել այդ նյութով, իսկ իրենք պատվաստվում են որակյալ ռուսական պատվաստանյութով։ «Սոցիալական արդարության» բացառիկ դրսևորումներ են սրանք՝ ընտրությունների շեմին։ Այն իշխանության կողմից, որը ողջ օրը խոսում է այն մասին, որ իրենք ժողովրդի իշխանությունն են եւ նրա մի մասնիկը։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել