168.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած երեկվա այցից հետո, այսօր արդեն կան բազմաթիվ բերման ենթարկված անձինք։

Սյունեցիները, որոնք Նիկոլ Փաշինյանից պահանջում էին լքել մարզը, քանի որ վերջինիս ձեռքով իրենց անվտանգ կյանքի իրավունքը վտանգված է, նրա ձեռքով ադրբեջանցիներին հանձնվել են բոլոր շահեկան դիրքերն ու տարբեր տարածքներ։

Սյունիքում բնակիչները «հողատու», «դավաճան», «կապիտուլյանտ» վանկարկումներով ու հայհոյանքներով դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին, ով Սյունիք էր գնացել անվտանգության հարյուրավոր աշխատակիցներով, այդ թվում՝ դիմակավորված անձանց ուղեկցությամբ։

Օրվա ավարտին Նիկոլ Փաշինյանը Կապանում խորհրդակցություն անցկացրեց՝ ԱԱԾ պետի, ոստիկանապետի մասնակցությամբ, որոնք շտապել էին Սյունիք, և ուղիղ հրահանգեց՝ պատասխանատվության ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր կազմակերպել էին իր դեմ բողոքի ակցիան։ Ինչից հետո էլ իրավապահ համակարգը հլու-հնազանդ անցավ իր գործին և բերման ենթարկեց մարզի մի շարք համայնքների ղեկավարների, փոխքաղաքապետերի, այդ թվում՝ բնակիչների։

Որքանո՞վ են իրավաչափ այս գործողությունները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգներն իրավապահ համակարգին, սա չի՞ նշանակում, որ գործադիրի ղեկավարը միջամտում է իրավապահ համակարգի գործողություններին, և առհասարակ արդյոք բնակիչներն իրավունք չունե՞ն ազատ արտահայտել իրենց կարծիքը։

Այս հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանի հետ:

Ըստ Էդգար Ղազարյանի, այն, ինչ տեղի ունեցավ երեկ Սյունիքում՝ ուղիղ եթերում հեռարձակվել է գրեթե բոլոր լրատվամիջոցներով, և ՀՀ քաղաքացիները տեսել են, թե ինչ է այնտեղ կատարվել։

«Իմ տպավորությամբ՝ այն տվյալ համայնքի բնակիչների ինքնաբուխ ակցիան էր, որով իրենց դժգոհությունն ու վրդովմունքն էին արտահայտում վարչապետի կայացրած որոշումների, գործողությունների համար։ Թե ի՞նչ որոշումներ են եղել, և դրանք ի՞նչ հետևանքներ են առաջացրել հատկապես այդ մարզի բնակիչների համար, առավել քան ակնհայտ է։ Այդ մարդիկ իրենց մի քանի տասնյակ խաղաղ գոյակցությունից հետո հայտնվել են թշնամու հետ դեմ առ դեմ՝ հենց այդ մարդու որոշումների արդյունքում։ Սյունեցիներն իրավունք ունեին իրենց վրդովմունքն արտահայտելու։ Ըստ էության, ինքնաբուխ ակցիա է տեղի ունեցել, ուժ չի կիրառվել, նույնիսկ սպառանալիքներ չեն հնչեցվել, մարդիկ քաղաքացիական ակցիա էին իրականացնում, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, փոխարենը հաշվի նստեր նրանց կարծիքի հետ, լսեր նրանց պահանջները, փորձում էր ստիպողաբար օգտվել իր թիկնապահների ուժից, այդ մարդկանց կամքի վրա բռնություն գործադրել՝ փորձելով հակադրվել քաղաքացիական խաղաղ ակցիայի մասնակիցներին»,- ասաց Է. Ղազարյանը։

Նրա խոսքով՝ խաղաղ ակցիա իրականացնող մարդկանց նկատմամբ որևէ գործողություն չի կարող իրավական ու իրավաչափ համարվել։

Ինչ վերաբերում է Կապանում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացրած խորհրդակցությանը և նրա տված հրահանգներին, Էդգար Ղազարյանը նկատեց՝ այդ ամենն արդեն բացարձակ ապօրինություն էր նրա կողմից։

«Այս ամենը Նիկոլ Փաշինյանի կողմից բացարձակ ապօրինություն էր։ Փաստորեն ստացվում է, որ դատախազության աշխատակիցը, այսինքն՝ մարզի դատախազը, մասնակցում է Փաշինյանի, այսինքն՝ քաղաքական պաշտոնյայի և մյուս քաղաքական գործիչների, պատգամավորների խորհրդակցությանը։ Առհասարակ դատախազը կամ քննչական մարմնի ղեկավարը չպետք է մասնակցի վարչապետի խորհրդակցությանը։ Այդ երկու մարմիններն օրենքով ստեղծված մարմիններ են, որոնք անկախ են, իրենք անկախ են իրականացնում իրենց գործողությունները։ Ավելին՝ նրանք հենց այդ դրվագով պետք է քրեական հետապնդում իրականացնեին Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ իրավապահ համակարգի մարմինների գործողություններին անհարկի միջամտելու համար, ինչը սահմանադրությամբ ամրագրված նորմ է»,- շեշտեց Էդգար Ղազարյանը։

Նրա բնորոշմամբ՝ մարդկանց իրենց կարծիքն արտահայտելու և խաղաղ ակցիա անելու համար հետապնդելը  բռնության դրսևորում է, ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանը լավ գիտեր, թե իր այցի հետ կապված Սյունիքում ինչ տրամադրություններ ու դժգհություններ կան։ Եվ այդ դժգոհությունները, ըստ Է. Ղազարյանի, ունեն խիստ օբյեկտիվ պատճառներ, հետևաբար՝ անհիմն են իշխանության ներկայացուցիչների այն պնդումները, թե ակցիան կազմակերպված էր։

«Ինչպե՞ս կարող են Կապանում, Գորիսում և առհասարակ Սյունիքում մարդիկ դժգոհություններ չունենան, երբ ադրբեջանական դրոշը հայտնվել է իրենց համայնքների սահմաններին։ Այդ մարդիկ այսօր ապրում են անվտանգության լուրջ սպառնալիքների պայմաններում, և ՀՀ իշխանությունները որևէ գործնական քայլ չեն իրականացնում։ Վարչապետը Սյունիքում մեկ քաղաքից մյուսը գնալու համար ստիպված էր այդ ճանապահն անցնել ռուսական զինվորականների ու ռուսական դրոշի ուղեկցությամբ։ Ինքը չի կարողանում այդ հատվածով անվտանգ անցնել, բա քաղաքացիներն ինչպե՞ս անցնեն, որոնք ամեն օր են այնտեղ ապրում»,- նկատեց մեր զրուցակիցը։

Նա հիշեցրեց, որ նախորդ տարի դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը կրկին ցանկանում էր մտնել մարզ, սակայն բնակիչների դիմադրությունը տեսնելուց հետո Սիսիանից այն կողմ չգնաց։ Դեռ այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ միևնույն է՝ գնալու է Սյունիք։

«Մենք խոսում ենք մի մարդու մասին, ով նախկինում մարզ այցելելիս՝ ամեն մի քայլն ուղիղ եթերում լուսաբանում էր։ Բայց Սյունիք կատարած այցը եղավ գիշերով, գիշերային այց էր, ներխուժեցին մարդու բնակարան՝ առանց նրա կամքը հարցնելու, սա ոչ թե էթիկայի, քաղաքավարության նորմերի կոպիտ խախտում է, այլ մարդու սեփական տարածք ներխուժելու քրեական հանցանք պարունակող վարքագիծ է։ Առանց այդ մարդկանց, ընտանիքի կամքը հարցնելու՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լուսանկարներ է արել ու հրապարակել է, հարցրե՞լ են այդ մարդկանց՝ համաձա՞յն են՝ իրենց տան նկարները հրապարակվեն։ Պետության ղեկավարի այցը մարզ, եթե այն միտված է մարզի խնդիրների լուծմանը և այլն, տեղի է ունենում առանց մարզի ղեկավարներին տեղյակ պահելո՞ւ, այսինքն՝ գաղտագողի ու քողարկված այց էր, որը սադրանք էր»,- ընդգծեց Է. Ղազարյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել