Armeniasputnik.am-ը գրում է.

Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում թունավորումից մահացած 12-ամյա աղջկա ու ընտանիքի մյուս անդամների թունավորման պատճառը եղել է այգուց հավաքած տապակած կանաչին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Գետահովիտի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սուսաննա Չաբուխյանը։

«Գյուղում խոսում են, որ ընտանիքի մայրը այգուց կանաչի է հավաքել, պատրաստել, բայց թե ինչ տեսակի, չգիտենք։ Գիտեմ, որ ծնողները հենց բժշկին են ասել այդ մասին, իսկ հիվանդանոցում նախնական ախտորոշվել էր հենց սննդային թունավորում»,–ասաց նա։

Նրա խոսքով`ընտանիքի մյուս անչափահասի՝ 14-ամյա տղայի վիճակը կայուն է։

Ընտանիքի մայրն ու հայրը «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում են։ Հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը Facebook-իր էջում հայտնել է, որ նրանց վիճակը բավարար է։

«Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում տուժածներին տրամադրվել է անհրաժեշտ բժշկական օգնություն: Այս պահին տուժածների առողջական վիճակը գտնվում է տարբեր նեղ մասնագետների՝ ռեանիմատոլոգի, ինֆեկցիոնիստի, թունաբանի ուշադրության կենտրոնում: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է նա։

Հիշեցնենք` այսօր առավոտյան ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնեց, որ ապրիլի 19-ին` ժամը 22:26-ին, Գետահովիտ գյուղից նախնական սննդային թունավորում ախտորոշմամբ Տավուշի մարզի Իջևան քաղաքի ԲԿ են տեղափոխվել Գետահովիտ գյուղում բնակվող ընտանիքի 4 անդամներ` 41–ամյա ծնողներն ու 12 և 14 տարեկան երեխաները։

12-ամյա երեխան հիվանդանոցում մահացել է։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել