168.am-ը գրում է․

Կառավարության անգործության հետևանքով՝ Կենտրոնական բանկը դժվարին կացության մեջ է. ոչ այն է՝ գնաճը ճնշի, ոչ այն է՝ մտածի տնտեսությունը խթանելու մասին։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնում է՝ տնտեսությունն է տուժում, չի բարձրացնում՝ գներն են թռնում։

Թվում է, թե Կենտրոնական բանկի գործը չէ՝ մտածել տնտեսությունը խթանելու մասին։ Վերջինիս 2 հիմնական ֆունկցիաներից մեկը գների, մյուսը՝ ֆինանսական կայունության ապահովումն է։ Տնտեսության խթանումը չի մտնում ԿԲ ֆունկցիաների մեջ։ Բայց այնպես չէ, որ տնտեսությունը կարևոր չէ Կենտրոնական բանկի համար։ Առանց տնտեսական ակտիվության՝ անհնարին է ապահովել ֆինանսական կայունություն։

Երբ տնտեսությունը պասիվ է, պասիվանում է նաև ֆինանսական համակարգը։ Ավելանում են ֆինանսական համակարգի ռիսկերը։ Տնտեսության պասիվացման հետևանքով նվազում են տնտեսական գործընթացների արդյունքում երկիր մտնող ֆինանսական հոսքերը։ Մեծանում է ճնշումն ազգային արժույթի վրա։

Արժութային շուկայի ճնշումը թուլացնելու համար Կենտրոնական բանկը ստիպված է կամ ռեզերվները վաճառել, կամ թողնել, որպեսզի ազգային արժույթը արժեզրկվի։

Սա այն է, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում։ Տնտեսական գործընթացներով պայմանավորված՝ նվազել են տարադրամային հոսքերը։

Մասնավորապես, կրճատվել են արտահանումից ստացվող մուտքերը։ Ոչ այնքան ապրանքների, որքան ծառայությունների արտահանման կրճատման պատճառով։

Ծառայությունների արտահանումը հանդիսանում է Հայաստան տարադրամային հոսքերի ապահովման հիմնական աղբյուրներից մեկը։ Դրանք հասնում են տարեկան 2-2,5 մլրդ դոլարի։ Անցած տարվանից այդ հոսքերը կտրուկ նվազել են։ Ծառայությունների արտահանումը դարձել է մեր տնտեսության ամենատուժած ճյուղերից մեկը։ 2020թ. այն կրճատվեց գրեթե 55 տոկոսով։

Առավել կտրուկ անկում տեղի ունեցավ զբոսաշրջության ոլորտում՝ ավելի քան 81 տոկոսով։ Այդ հանգամանքը չէր կարող չազդել ոլորտից ստացվող տարադրամային հոսքերի վրա։ Անցած տարի դրանք գրեթե դադարեցին։ Այս տարի ևս շարունակում են մնալ նույնքան պասիվ վիճակում։

Տարադրամի ճնշումն ազգային արժույթի վրա ավելացել է նաև պահանջարկի աճի հետևանքով։

Պահանջարկի աճն ունի տարբեր պատճառներ։ Պատճառներից մեկն էլ արտահոսքն է։

Քաղաքական ու տնտեսական անկայունությունը խթանում է կապիտալի արտահոսքը։ Ոչ միայն անհատները, այլև տնտեսության մասնակիցներն են հանում իրենց միջոցները։

Ներդրումներ չեն գալիս, մի բան էլ դուրս են գնում։ Անցած տարվա երկրորդ կեսին նույնիսկ արձանագրվեց ուղղակի ներդրումների բացասական դինամիկա։ Ավելի շատ փող է դուրս եկել տնտեսությունից, քան ստացվել է։ Ըստ ամենայնի, այդպես է նաև հիմա։

Փողի արտահոսքը, իհարկե, Հայաստանի տնտեսության մեջ նոր չէր սկսվել։ Մինչև տնտեսական ճգնաժամն էլ դա կար։ Սակայն այն ժամանակ մի շարք հատվածներից տարադրամային ակտիվ հոսքերը մեղմացնում էին ճնշումն ազգային արժույթի վրա։ Հիմա հոսքերը դրսից կրճատվել են, արտահոսքը՝ ավելացել։

Ճնշումը շուկայում թուլացնելու համար Կենտրոնական բանկը երբեմն-երբեմն փողը հանում է ռեզերվներից և ինտերվենցիաներ անում։ Բայց պարզ է, որ դա չի կարող անընդհատ պրոցես լինել։ ԿԲ արտարժութային պահուստներն անսահման չեն, որպեսզի հնարավոր լինի անընդհատ ճնշել տարադրամի պահանջարկը։ Հարկավոր է, որպեսզի տնտեսությունն աշխատի և տարադրամային միջոցներ գեներացնի։

Տնտեսությունը չի աշխատում։ Տնտեսության ակտիվության վերականգնումը կառավարության խնդիրն է։ Բայց կառավարությունը թքած ունի տնտեսության վրա։ Փոխարենը մտածելու տնտեսության համար աշխատելու քիչ թե շատ պայմաններ ստեղծելու մասին, միայն խնդիրներն է ավելացնում։

Խնդիրները կապված են ոչ միայն համավարակի ու պատերազմի, այլև հետպատերազմյան անորոշությունների ու անկայունության, ձևավորված սպասումների հետ։ Համավարակն ու պատերազմը ջարդել են տնտեսության մեջքը։ Այն վերականգնելու համար հարկավոր է կայունություն։ Առանց կայունության անհնարին է մտածել տնտեսության մեջքն ուղղելու մասին։

Բայց այսօր մեր երկրում կայունության մեծ դեֆիցիտ կա։ Առաջիկայում այն դեռ խորանալու է՝ սպասվող արտահերթ ընտրությունների ու դրա հետ կապված անորոշությունների պատճառով։ Ոչ մեկը չի կարող ասել, թե ինչ է լինելու արտահերթ ընտրություններից առաջ և հետո։

Մինչ այդ՝ չպետք է ակնկալել ոչ տնտեսական ակտիվություն, և ոչ էլ ներդրումներ ու նոր ներդրումային ծրագրեր։ Մեր տնտեսությունը հիմա սպասման մեջ է, իսկ կառավարությունը, որը տնտեսությունը հասցրել է այս վիճակին, տարված է այլ հովերով։

Տնտեսության մասին մտածելու ժամանակ կառավարությունը չունի, իսկ Կենտրոնական բանկը փորձում է խաղալ բոլոր լարերի վրա՝ և՛ տնտեսությունը խթանել, և՛ գնաճն ու ֆինանսական կայունությունը ապահովել։ Արդյունքում՝ գնաճն արդեն դուրս է եկել նպատակային տիրույթից, սննդամթերքի դեպքում նույնիսկ գրեթե կրկնակի ավելի է թիրախից։

Որքան էլ ասվի, որ գնաճը թելադրված է դրսից, միևնույն է, դրանում էական դեր ունի ազգային արժույթի թուլացման ազդեցությունը։ Դրամն արժեզրկվել է՝ ակտիվացնելով դրսից ներմուծվող գնաճը։

Առաջին անգամ չէ, որ այդպես է։ Հայաստանը ներմուծող երկիր է, և ազգային արժույթի վարքագիծը միշտ էլ կարևոր դեր է ունեցել գնաճի հարցում։

Կարճաժամկետում՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործիքը ազդեցություն չունի գնաճի վրա։ Փոխարենը՝ փոխարժեքներն անփոխարինելի են գնաճը զսպելու հարցում։ Ու եթե Կենտրոնական բանկը մտադիր է մեղմել գնաճը, պետք է առաջին հերթին մտածի ազգային արժույթը կայունացնելու կամ հետագա արժեզրկում թույլ չտալու մասին։

Կենտրոնական բանկի խնդիրն է՝ ապահովել գնաճի կայունությունը։ Բայց միայն գնաճը չէ, որին բախվել է մեր երկիրը։ Մի կողմից՝ գնաճն է, մյուս կողմից՝ տնտեսական անկումը, երրորդ կողմից՝ ֆինանսական ճնշումը։ Որքան էլ Կենտրոնական բանկը փորձում է հավասարակշռել այս խնդիրները, որպեսզի չվնասի թե՛ տնտեսությանը, և թե՛ գնաճի ու ֆինանսական կայունության ապահովմանը, միշտ չէ, որ դա հաջողվում է։ Պատահական չէ, որ տնտեսությունը շարունակում է անկումային լինել, ազգային արժույթի արժեզրկումը չի դադարում, իսկ գնաճն ակտիվանում է, ու դեռ նահանջելու հույս չկա։

Այդ պայմաններում, թե ի՞նչ է անում կառավարությունը՝ ահագնացող սոցիալական լարվածությունը մեղմելու համար, հավանաբար կարիք չկա ասելու։ Բոլորն էլ տեսնում են։ Գնաճը վաղուց արդեն դադարել է անհանգստացնել կառավարությանը, ու ոչ մի նշանակություն չունի, որ դրա հետևանքով խորանում է աղքատությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել