168.am-ը գրում է.

Իշխանամերձ շրջանակները շատ վտանգավոր խաղ են սկսել և փորձում են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին, մեղմ ասած, «ռազմական հեղաշրջողի» պիտակ տալ, որպեսզի հետո գուցե դատեն ոչ միայն՝ որպես պատերազմը «պարտվածի», այլև՝ «ահաբեկչի»:

Մասնավորապես, Արման Բաբաջանյանի լրատվական կայքը երեկ գրել էր, թե իրենց տեղեկություններով՝ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը շտաբում հանդիպում է ունեցել Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամ, «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանի հետ»:

Սակայն ինքը՝ Վարուժան Ավետիսյանը, որևէ հստակ բան չէր ասել այս մասով:

«Նկատի ունեցեք, որ ես պաշտպանության ու անվտանգության ոլորտի փորձագետ եմ և պարբերաբար այցելում եմ Պաշտպանության նախարարություն՝ պաշտպանական բարեփոխումների համատեքստում մասնագետների հետ շփումներ ու քննարկումներ ունենալու նպատակով։ Ես բազմիցս այցելել եմ Պաշտպանության նախարարություն ու պաշտպանության այլ հաստատություններ»,- նշել էր Ավետիսյանը:

Եվ չնայած սրան, իր հայտարարություններն աղավաղելու մեջ մեղադրանքներ շպրտող ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է.

«Ես զարմացա, որ Օնիկ Գասպարյանն ընդունել է Վարուժան Ավետիսյանին իր մոտ: Դա սարսափելի իրողություն է: Ընդ որում, Վարուժան Ավետիսյանն ասեց՝ գնացել էի փորձագիտական աջակցություն ցուցաբերելու: «Սասնա ծռերը» ի՞նչ փորձագիտական աջակցություն պիտի ցուցաբերեն Գլխավոր շտաբի պետին, էս ի՞նչ եք ասում»:

Հետաքրքիր է, որ, երբ Անդրանիկ Քոչարյանի ղեկավար Նիկոլ Փաշինյանը 2019-ի սեպտեմբերի 5-ին հանդիպում էր «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար Ժիրայր Սէֆիլյանի և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանի հետ, Անդրանիկ Քոչարյանը դրանում որևէ սարսափելի բան չէր տեսնում: Ավելին, երբ Արման Բաբաջանյանի կայքը «Սասնա ծռերի» PR-ով էր զբաղված ՊՊԾ գնդի գրավման ողջ ընթացքում (մինչ օրս), և հենց նրանց էր 2016-ի հուլիսի 31-ին զանգահարել «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը և տեղեկացրել, որ հանձնվում են, այդ ժամանակ ևս Արման Բաբաջանյանը կամ Անդրանիկ Քոչարյանը դրանում սարսափելի որևէ բան չէին տեսնում, իսկ այսօր զբաղված են վտանգավոր հայտարարություններ անելով:

Ի դեպ, 168.am-ի հետ զրույցում ևս «Սասնա ծռեր» կուսակցությունից ոչ մի պնդում չարվեց, որ հանդիպում է եղել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ:

«Պաշտպանության նախարարությունում պարոն Ավետիսյանը, ըստ անհրաժեշտության, մասնակցում է պաշտպանական ոլորտի բարեփոխումների վերաբերյալ փորձագիտական քննարկումներին։ Քանի որ փորձագիտական ձևաչափով է այցելում ՊՆ, այլ ոչ քաղաքական, կոնկրետ պաշտոնյաների անուններ նշելը նպատակահարմար չի համարում»,- պատասխանեցին մեզ:

Այսինքն, «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչը շատ հանգիստ կարող էր հանդիպել ՊՆ ղեկավարների կամ ՊՆ ներկայացուցիչների հետ, հատկապես, որ հենց ՊՆ ղեկավարությունն է ակտիվ լծվել բանակային բարեփոխումների գործին: Կամ ի՞նչ եք կարծում՝ այս խառը օրերին՝ ռազմական դրության պայմաններում, ՊՆ ղեկավարությունը տեղյակ չէ՞ այս նախարարության ելումուտերից, երբ անցաթղթի պարտադիր պահանջ կա:

Ինչ վերաբերում է ԳՇ պետին, 168.am-ի հավաստի տեղեկություններով՝ Օնիկ Գասպարյանի հետ Վարուժան Ավետիսյանը չի հանդիպել, առհասարակ, այսօրինակ որևէ քաղաքական դեմքի հետ հանդիպում գեներալը չի ունեցել, իսկ Վարուժան Ավետիսյանն իրապես այցելություններ կատարում է ՊՆ:

Վերադառնալով Օնիկ Գասպարյանի շուրջ Փաշինյանի և նրա թիմակիցների վտանգավոր խաղերին, նշենք, որ Արման Բաբաջանյանը սկսել է կապ տեսնել ԳՇ հայտարարության և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ այն բանից հետո, երբ ռուսական լրատվամիջոցների համար կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Քոչարյանն ասել էր, թե գեներալներն իրենց շատ զուսպ են պահում:

«Պետք չէ վախենալ «ռազմական հեղաշրջում» բառակապակցությունից։ Պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ ռազմական հեղաշրջումը թույլ է տվել պահպանել պետականությունը և ապահովել տնտեսության զարգացումը։ Օրինակ, նախորդ դարի 60-ական թվականների Հարավային Կորեայի դեպքը կամ էլ Եգիպտոսի` մեր օրերում կատարվածը»,- նշել էր Քոչարյանը:

Հավելենք, որ մինչ այս Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը գործել է Սերժ Սարգսյանի հրահանգով:

Հիշեցնենք, որ երեկ Սերժ Սարգսյանը պատասխանելով լրագրողի հարցին, թե որքանո՞վ է իրականությանը համապատասխանում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ԳՇ պետը քաղաքական հայտարարություն է անում Ձեր և ՀՀԿ-ի դրդմամբ, ՀՀ երրորդ նախագահը պատասխանել էր.

«Համապատասխանում է ուղիղ այնքանով, որքանով իրականությանը համապատասխանում են կապիտուլյանտի հայտարարություններն այն մասին, թե որքան կառուցողական է Ալիևը, որ Շուշին ադրբեջանական քաղաք է, որ «Իսկանդերը» պայթում է 10 տոկոսով, և այն մասին, որ «Իսկանդերը» 80-ականների զենք է: Կարծում եմ, ամենայն հավանականությամբ, նոր ներկայացում է պատրաստվում, համբերենք՝ տեսնենք: Իսկ մնացած հարցերին, երբ ներկայացումը դիտենք, կամ ընթացքում, կամ վերջում կպատասխանեմ»:

Իշխանությունները փորձում են ամեն կերպ Օնիկ Գասպարյանի հետ նախկիններին կապող փաստարկներ գտնել՝ մեկ ՀՀ երկրորդ նախագահի ուղղությամբ, մեկ՝ երրորդ, բայց այս փորձերը դեռևս որևէ արդյունք չեն տվել, որովհետև մութ սենյակում կատու են փնտրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել