168.am-ը գրում է․

2018 թվականի իշխանափոխությունն արցախյան պատերազմում տարած մեր հաղթանակից առավել կարևոր դասող, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր և, միևնույն ժամանակ, Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը պատերազմի ավարտից չորս ամիս անց հարցազրույց է տվել ու 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հայկական կողմի պարտությունը համարել պատերազմին 30 տարի չպատրաստվելը, զենք ու զինամթերք, համապատասխան  կահավորմամբ դիրքեր չունենալը, նաև հավելել՝ հետագայում կխոսի մանրամասների մասին, իսկ մինչև դա մարդկանց կոչ է արել համախմբման։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Սև Հովազ» ջոկատի լեգենդար հրամանատար ու Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայր Սերոբ Գասպարյանը, անդրադառնալով Սասուն Միքայելյանի համախմբման կոչին, ընդգծեց, որ կիսում է Միքայելյանի՝ համախմբման կոչը, սակայն հարց է ծագում, թե համախմբման կոչ ինչպե՞ս կարող է անել Սասուն Միքայելյանը, երբ ընդամենը մի քանի օր առաջ՝ փետրվարի 25-ին, Հանրապետության հրապարակում կանգնած էր Նիկոլ Փաշինյանի կողքին, այն դեպքում, երբ Փաշինյանը ժողովրդին դուրս էր հանում բանակի դեմ՝ ասելով, թե ժողովրդին ուզում են տրորել տանկերի թրթուրների տակ։

«Չեմ հասկանում նրա այս պահվածքը, չեմ հասկանում նաև, թե նա՝ որպես Երկրապահի նախագահ, ինչո՞ւ չի պատասխանում Ալիևին, երբ Ալիևն ասում է, որ Հայաստանը պետք է բանակ չունենա, չէ՞ որ նա երկիրը պահող Երկրապահ կամավորականների միության նախագահն է։ Չի պատասխանում Ալիևին, բայց որակումներ է տալիս իր հետ ճանապարհ անցած մեկ այլ ազատամարտիկի՝ Ռուբեն Գևորգյանին. Իհարկե, չեմ ուզում մտնել Միքայելյանի և Գևորգյանի հարաբերությունների միջև. բայց ընդհանուր այդ պահվածքն ինձ համար անհասկանալի է»,- ասաց Սերոբ Գասպարյանը։

Ըստ նրա՝ այսօր Երկրապահ կամավորականների միությունն իր տեղում չէ, ինչն էլ  պատճառ է  դարձել, որ հրամանատարներ են լքում այդ կառույցն ու համախմբվում մեր երկիրը փրկելու գաղափարի շուրջ, ու համախմբվում են այսօր մարդիկ, որոնց հետաքրքում է հայրենիքի փրկությունը։

Արդյո՞ք երկիրը պահող Երկրապահ կամավորականների միությունը պետք է միանա Գլխավոր շտաբի տարածած այն հայտարարությանը, որտեղ նշված է, որ  գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին, Սերոբ Գասպարյանը  պատասխանեց.

«Ժամանակն է, որ Սասուն Միքայելյանն աչքերը բացի ու տեսնի՝ ո՞ւր ենք գնում. եթե խնդիրներ ունի նախկինների հետ՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, ապա հիմա պետք է մի կողմ թողնի դա։ Մենք էլ շատ խնդիրներ ունենք, և հիմա մեզ անձերը չեն հետաքրքրում, ինձ հետաքրքրում է հայրենիքը. այսպես պետք է մտածի Սասուն Միքայելյանը։ Եթե Երկրապահ կամավորականների միությունը չսատարի ԳՇ-ի տարածած հայտարարությանը, ապա դա կնշանակի՝ այդ կառույցը շարժվում է Նիկոլ Փաշինյանի ծրագրով։ Եթե ԵԿՄ-ն ու Սասուն Միքայելյանը չեն կանգնում ԳՇ-ի կողքին ու ասում՝ «Նիկո՛լ, կանգ առ», ապա դա նշանակում է, որ նրանք Նիկոլ Փաշինյանի շարունակությունն են, իսկ Նիկոլ Փաշինյանն այսօր շարժվում է այն ուղղությամբ, որի մասին խոսում են Թուրքիան և Ադրբեջանը»,- ասաց Գասպարյանը։

Շարունակելով խոսել Գլխավոր շտաբի տարածած հայտարարության մասին՝ Սերոբ Գասպարյանն այդ հայտարարությունը թեև համարեց ուշացած և շեշտեց, որ պատերազմի ողջ ընթացքը Փաշինյանի հետ անցած Օնիկ Գասպարյանը պետք է խոսեր կապիտուլյացիայի ակտի ստորագրումից անմիջապես հետո, բայց այդ ամենով  հանդերձ, հնչեցված հայտարարությունն ահազանգ է երկրի ծանր վիճակի մասին, իսկ Նիկոլ Փաշինյանը շարունակում է դավաճանների փնտրտուքը և այս անգամ պարտության մեղքը բարդում է Օնիկ Գասպարյանի և բանակի վրա։

«Նախ ուզում եմ նշել, որ «Սև Հովազ» ռազմահայրենասիրական  կազմակերպությունն ու մեր բոլոր զինվորները սատարում են Օնիկ Գասպարյանին։ Ես չեմ կարծում, որ նա կաներ մի բան, որը կվնասի հայրենիքին, և կարծում եմ, որ Օնիկ Գասպարյանը թույլ չի տա, որ իրեն դարձնեն քավության նոխազ, որին կկպցնեն  դավաճանի պիտակը։ Գլխավոր շտաբն անելիք ունի, պետք է գնա մինչև վերջ, Օնիկ Գասպարյանը շատ լավ գիտի ՀՀ-ի Սահմանադրությունը և գիտի՝ ինչպես պետք է վարվել»,- ասաց Գասպարյանը։

Ինչ վերաբերում է, բացի Փաշինյանից, Օնիկ  Գասպարյանից հեռացումը պահանջող՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ, սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանի արած այն պնդմանը, թե Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա, որովհետև դեմ է դուրս եկել իր հրամանատարին, Սերոբ Գասպարյանը նախ նշեց, որ իր համար տարօրինակ է, որ Արամ Սարգսյանը հրապարակում կանգնել էր այն մարդկանց կողքին, որոնք համարում էին, որ Արցախն Ադրբեջանինն է, ու ասում, թե Շուշին Վազգեն Սարգսյանն իր տղաներով գրավեց։

«Արամ Սարգսյանն ինքն իր եղբոր դեմ է դուրս եկել։ Արամ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը կանգնել են մի տեղ, որտեղ ասում են՝«դե, Շուշին Վազգենն իր տղաներով գրավեց»։ Սա Արամ Սարգսյանի ու Փաշինյանի աջակիցն է ասել։ Շատ հնարավոր է, որ մի ժամանակ հետո սրանք Վազգենին հետմահու դատեն ուրիշ երկրի տարածք գրավելու համար։ Հասկանում եք, չէ՞, թե ինչ թեզ է դրվում այս ժողովրդի մեջ»,- ասաց Գասպարյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել