News.am-ը գրում է․

Շուշիի շրջանի Լիսագոր գյուղի բնակիչները մասամբ արդեն վերադարձել են, իսկ մյուսները, որոնք ժամանակավորապես բնակվում են Արցախի տարբեր բնակավայրերում, պատրաստվում են վերադառնալ գարնան սկզբին:

Այս մասին տեղեկացրեց համայնքի ղեկավար Գագիկ Նասիբյանը՝ հավելելով, որ Լիսագորում առաջիկայում նախատեսվում են գյուղի առանձնատների վերանորոգման ու գյուղատնտեսական ծրագրեր:

«Մեր գյուղն Արցախի ամենաբարձրադիր բնակավայրերից է: Ուստի ձմռան ամիսներին բնակչության կենսապայմանների ապահովման համար ջեռուցման խնդիրն առաջնահերթություններից է: Պատերազմի հետևանքով լիսագորցիներից ոչ բոլորին էր հաջողվել ձմեռվա համար անհրաժեշտ վառելափայտ մթերել, ինչպես նաև հետպատերազմյան սկզբնական ժամանակահատվածում բացակայում էին ջեռուցման համար անհրաժեշտ մյուս պայմանները: Մասամբ վնասվել են նաև գյուղի առանձնատները, որոնք վերստին բնակելի դարձնելու համար վերանորոգման կարիք ունեն:Այդ խնդրով դիմել ենք քաղաքաշինության նախարարությանը և մոտակա ժամանակահատվածում վնասված տների վերանորոգման ծրագիրը ընթացք կստանա,-հայտնեց Լիսագորի գյուղապետը՝ հավելելով, որ գյուղում արդեն վերականգնվել են էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը, հեռախոսակապը: Գործում են գյուղապետարանն ու բուժկետը: Գյուղում ներկա դրությամբ բնակվողները Ստեփանակերտի հետ տրանսպորտային հաղորդակցության համար օգտվում են Գորիս-Ստեփանակերտ երթուղային ավտոբուսից, ինչպես նաև սեփական ավտոմեքենաներից: Լիսագորի համայնքապետի հաղորդմամբ՝ մասամբ գյուղ են վերադարձել նաև ուսուցիչներ ու աշակերտներ և ըստ հնարավորության՝ կազմակերպվում է նաև դասապրոցեսը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել