Armeniasputnik.am-ը գրում է.

Ավիաընկերությունը տեղեկացնում է, թե այժմ կատարվում է քննություն։ Խոստանում են մանրամասներ հայտնել։

«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը պարզաբանել է` ինչպես է իր վարձակալած՝ B737-300 (հայկական գրանցում` EK-FAA) օդանավը հայտնվել Իրանում։

Նշենք, որ փետրվարի 22-ից մամուլում շրջանառվում են լուրեր, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է։ Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն հերքել էր այդ տեղեկությունը, սակայն քննարկումները շարունակվում են։

«Օդանավի վրա ընթանում էին տեխնիկական աշխատանքներ Էստոնիայի Տալլին քաղաքում, որից հետո՝ փետրվարի 12-ից 22-ը ընկած ժամանակահատվածում այն պետք է թռիչք կատարեր Ուկրաինայի Հոստոմել օդանավակայան՝ շարունակելու տեխնիկական սպասարկումը։ Փետրվարի 20-ին օդանավը թռել և անհայտ պատճառներով արտակարգ վայրէջք է կատարել»,–նշված է ավիաընկերության պարզաբանման մեջ։

Այս պահին «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊ ընկերության կողմից կատարվում է քննություն։ Կատարվածի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն ավիաընկերությունը կտրամադրի ավելի ուշ։

Հիշեցնենք, որ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը Facebook-ի իր էջում գրել է, թե փետրվարի 21-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից հայկական գրանցմամբ EK-FAA համարանիշով Boeing -737 օդանավի առևանգման մասին:

Ճաղարյանը գրել է, որ oդանավը թռիչք է կատարել Էստոնական Տալլինից, և ըստ պլանի` պետք է վայրէջք կատարեր Երևանում:

Բայց դրա փոխարեն օդում որոշում է կայացվել գնալ Էմիրաթներ՝ տեխսպասարկման: Եվ «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել