168.am-ը գրում է․

«Հայփոստ» ընկերության որոշ ծառայությունների սակագները մի քանի անգամ բարձրացել են, ինչն առաջացրել է քաղաքացիների դժգոհությունը:

«Հայփոստի» հանրային կապերի պատասխանատու Գևորգ Աբրահամյանը, սակայն, հակադարձում է՝ 2001 թվականից փոստային առաքանու սակագները չեն վերանայվել, «Հայփոստը» տարիներ շարունակ աշխատել է «մինուսով»: Հիմա հնարավորինս օպտիմալ, տրամաբանված, միջազգային փոստի համար ամբողջ աշխարհում ընդունված գին է սահմանված:

«Սակագնային փոփոխություններ կատարվեցին, որովհետև «Հայփոստը» վերջին տարիներին աշխատել է շատ մեծ վնասով, և հիմա նույն վնասներից խուսափելու միակ տարբերակը սակագների բարձրացումն է: Միջազգային առաքումների ինքնարժեքը շատ ավելին է, քան այն գումարը, որը գանձվել է: Խնդիրը ոչ թե վերջին տարիներին է առաջացել, այլ այն պատճառով , որ 2001 թվականից սկսած «Հայփոստի» և ներքին, և արտաքին սակագները չեն փոխվել: 20 տարվա մեջ բացարձակապես ամեն ինչի գինը փոխվել է մի քանի անգամ, այդ թվում՝ լոգիստիկ և տրանսպորտային ծախսերը: Հիմա ստիպված «Հայփոստը» գնացել է այդ քայլին և սակագնային փոփոխություն է կատարել»,- 168.am-ի հետ զրույցում որոշ ծառայությունների սակագների կտրուկ բարձրացումն այսպես մեկնաբանեց Գևորգ Աբրահամյանը:

Սակայն, նրա փոխանցմամբ, բոլոր ուղղություններով չէ, որ թանկացում է եղել:

«Օրինակ, Ռուսաստանի ուղղությամբ մենք ունենք սակագնի էժանացում, իսկ ԱՄՆ, Եվրոպա, Ավստրալիա ուղղություններով ունենք գնի ակնհայտ բարձրացում: Փորձեմ բացատրել մեխանիզմը․ սակագինը ներառում է ոչ միայն տրանսպորտային, լոգիստիկ ծախսերը, այլև, օրինակ, երբ առաքումը հասնում է Ամերիկա կամ այլ երկիր՝ այդ երկրների ներսում առաքումը տեղ հասցնելու համար հավելյալ գումար է սահմանված, որն այսօրվա բարձրացված սակագնի 60%-ն է կազմում։

Այսինքն, 60 տոկոսը մուծում ենք տվյալ փոստային օպերատորին, որը պետք է ապրանքը տանի և հասցնի հասցեով: Մյուս 30%-ը տրանսպորտային, լոգիստիկ ծախսն է, և միայն բարձրացված սակագնի 10%-ն է, որ տնօրինում է «Հայփոստը»։ Այդտեղից էլ շատ ժամանակ զեղչեր ենք անում»,- նշեց «Հայփոստի» հանրային կապերի պատասխանատուն:

Ինչ վերաբերում է գրքերին և հրատարակչական այլ արտադրանքին՝ Գևորգ Աբրահամյանը պարզաբանեց.

«Գրքերի և հրատարակչական այլ արտադրանքի համար համաշխարհային փոստային միությունը սահմանել է հատուկ սակագին. բոլորը պարտավոր են ունենալ այդ ծառայությունը, այն կոչվում է «M» պարկ: Երբ դրանով ենք ուղարկում, կոնկրետ գրահրատարակչական արտադրանքի մեկ կիլոգրամը 4500 դրամ է: Շատ էժան գին է, չի արտահայտում այն ռեալ գները, որ այսօրվա դրությամբ գոյություն ունեն փոստային աշխարհում: Սա պարզապես հրատարակչական արտադրանքը խրախուսելու համար արված քայլ է, որ անում է համաշխարհային փոստային միությունը»:

Անդրադառնալով հուշանվերների, հայկական արտադրանքի առաքմանը՝ «Հայփոստի» հանրային կապերի պատասխանատուն հայտնեց, որ «Հայփոստը» չունի փոքր և միջին ձեռնարկություններին սուբսիդավորելու գործառույթ:

«Խոսքը ոչ թե մեծ կամ փոքր շահույթ ստանալու, այլ մեծ վնասի և այն չեզոքացնելու մասին է, իսկ վնասը շատ մեծ է եղել»,- հավելեց նա:

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ գինը հաճախ գոյանում է պայմանավորվածությունների հիման վրա, կնքվում են պայմանագրեր, ու ունենում ենք էժան գին:

«ՌԴ փոստի հետ հատուկ պայմանագիր կնքեց «Հայփոստը», և եթե ստացվի նմանատիպ պայմանագրեր կնքել այլ փոստային օպերատորների հետ, միգուցե էլի էժանացում ունենանք, կամ գները մնան նույնը: Միայն մենք չենք, որ փոստային առաքումներ ենք կազմակերպում. բայց եղածների մեջ, միևնույն է, անգամ գների թանկացումից հետո էլի «Հայփոստ»-ի ծառայությունները մատչելի են:

Ի դեպ, «Լոս Անջելեսում «Հայփոստ»-ն ունի ներկայացուցչություն։ Հիմա բանակցություններ են ընթանում, և մինչև այնտեղ ուղարկելու դեպքում մատչելի գին կսահմանվի: Մաքսային ծառայությունների հետ այդ խնդիրը լուծելուց հետո մենք կհայտարարենք այդ գինը, որը մատչելի է լինելու, բայց տանել՝ հասցեով հասցնելը չի լինելու: Ուղարկելու ենք մեր ներկայացուցչություն՝ մարդիկ գան, վերցնեն: Այսինքն, միայն լինելու են տրանսպորտային և լոգիստիկ ծախսերը, և չի լինելու դիմացի փոստին վճարելու ամենածանր ծախսը»,- նկատեց Գևորգ Աբրահամյանը:

«Հայփոստի» հանրային կապերի պատասխանատուի հաղորդմամբ՝ հիմնականում առաքում կատարվում է Լոս Անջելես, Ռուսաստան, Ֆրանսիա ուղղություններով: Գիրքը ձեռնտու է հիմա ուղարկել «M» պարկով և արժե 4500 դրամ, իսկ 1 կգ ծանրոցը նախկին 4800 դրամի փոխարեն՝ դարձել է 14.900 դրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել