News.am-ը գրում է․

NEWS.am–ը զրուցել է Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ Վահե Հակոբյանի հետ։

Հունվարի 11–ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնեցին տարածաշրջանում ապաշրջափակել տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերը։ Արդյոք Հայաստանի, առավել ևս Սյունիքի բնակչությունը պատրա՞ստ է սահմանների բացմանը՝ հաշվի առնելով, որ տրանսպորտային միջանցքներից մեկը՝ Օրդուբադ-Ագարակ-Մեղրի-Նռնաձոր-Զանգելան երթուղին անցնելու է Սյունիքով։

Կարծում եմ՝ վաղ է խոսել՝ սյունեցիները պատրաստ են դրան, թե ոչ։ Խոսքը վերաբերում է «Մետաքսի ճանապարհի» վերականգնմանը, որի շնորհիվ մի կողմից Չինաստանը կապելու է Եվրոպայի հետ, մյուս կողմից Սյունիքը կտրվում է Իրանից։ Հարցն այն է , թե ինչ եղանակով է դա իրականացվելու՝ էստակադայի  նմա՞ն է լինելու, երկաթուղի անցնելու՞ է, թե՞ ոչ։ Պետք է հասկանալ, թե ինչ է տալու այդ ճանապարհը մեզ, մենք կարողանալո՞ւ ենք օգտվել դրանից, օրինակ, մեզ տրանզիտի համար գումար վճարելու՞ են, թե՞ ոչ. այսօր այդ հարցերի պատասխանները դեռևս չկան։

Արդյոք հայկական կողմն ի վիճակի՞ է ներդրումներ անել ճանապարհների կամ երկաթուղու կառուցման համար։

Ներկայումս հայկական կողմն ունակ չէ ոչնչի, ուր մնաց՝ ինչ–որ ճանապարհի կոմունիկացիա հստակեցնի կամ առավել ևս դրանց կառուցումը ֆինանսավորի։

Եթե Սյունիքի տարածքով ադրբեջանցիներին տրամադրվելիք սուվերեն ճանապարհի անվտանգությունը ապահովելու է ռուսական կողմը, ապա ո՞վ է երաշխավորելու Ադրբեջանի տարածքով ուղևորների և հայկական բեռների անվտանգ տարանցումը։

Այդ հարցի պատասխանը ևս չկա։ Այսօր անվտանգ չէ անգամ Ադրբեջանի իրավազորության ներքո գտնվող Գորիս–Կապան Մ 2 ճանապարհահատվածը։ Արդեն իսկ կան դեպքեր, երբ ադրբեջանական կողմը գնդակոծում է հայկական ավտոմեքենաները։ Ամեն անգամ թշնամին ժեստերի միջոցով այդ ճանապարհով անցնողներին հասկացնում է, որ սպանելու է հայերին, գլուխները կտրելու և այլն։ Այս տենդենցն այժմ նկատվում է, և որևէ մեկը չի կարող այդ տարածքով անցնող մեր քաղաքացիների համար անվտանգության երաշխիքներ տալ։

Այսօր ի՞նչ անվտանգային ռիսկեր կան, որոնք սյունեցիներից շատերը գուցեև չեն պատկերացնում։

Այսօր Սյունիքի հետ սահմանի երկայնքով սկսվել է անօրինական առևտուր։ Ադրբեջանցի զինվորները հատում են իրենց վերահսկողության տակ անցած մեր անտառները և կոպեկներով փայտն առաջարկում են սահմանամերձ գյուղերի բնակիչներին։ Եվ քանի որ հայկական կողմից վերահսկողություն չկա, սյունեցիները մեծ ուրախությամբ գնում են, հաշվի առնելով, որ ձմեռ է, վառելափայտի կարիք կա, և մեզ մոտ անտառահատումներն արգելված են։ Շատ հաճախ ադրբեջանցիները փայտը փոխանակում են ծխախոտի կամ այլ ապրանքների հետ, և եթե այս ամենը չկանխվի, վաղը կամ մյուս օրը ադրբեջանցիներն արդեն Կապանում են կրպակներ բացելու և տեղում զբաղվելու են առևտրով։

Այսինքն այս ամենն իրականացվում է իշխանությունների թողտվությա՞մբ։

Այո, այս ամենը կատարվում է իշխանությունների լուռ թույլտվությամբ. Ո՛չ մարզպետարանը և ո՛չ էլ այլ պետական մարմին չի վերահսկում այս գործընթացը։

Ինչպիսի՞ տրամադրություններ են այսօր Սյունիքում։ Տարեվերջին Նիկոլ Փաշինյանի առջև Սյունիքի դարպասները փակելու հայտնի միջադեպից հետո իշխանությունների նկատմամբ սյունեցիների վերաբերմունքը փոխվե՞լ է։

Սյունեցիներն ամեն օր իրենց մաշկի վրա են զգում կապիտուլյացիոն խայտառակ համաձայնագրի հետևանքները, և սյունեցիների մեծ մասը համարում է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր չունի իշխանություն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել