News.am-ը գրում է․

Կտրոն ունենալ պետք չէ, քանի որ խավիարը գնելու մասին խոսք չի եղել, խոսքն այն մասին էր, որ ես ի ցույց եմ դրել վարչապետի ընտանիքի աչքածակությունը, չտեսությունը եւ գործով դա չի հերքվել: Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, «Անտիֆեյք» կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը՝ անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին:

«Դա եղել է 100 տոկոսանոց իրականություն, ավելին՝ գործով դա չի հերքվել, եւ հենց դա է պատճառը, որ սա դարձել է քրեական գործ: Ի դեպ, սուտ մատնությունը ոչ թե վերաբերում է խավիար ուտել-չուտելուն, այլ նրան՝ արդյո՞ք վարչապետը հանձնարարել է որեւէ մեկին, գնալ եւ տուգանել խավիարը վաճառողներին, թե ոչ: Այսինքն` իրենք քրեական գործով ընդունել են, որ իրենք կերել են այդ խավիարը եւ հերքել են մի փաստ, որ վարչապետը գնացել ու հանձնարարել է ՊԵԿ-ի ղեկավարին, որ գնա եւ տուգանի այդ ռեստորանատիրոջը»,- ասաց Նարեկ Սամսոնյանը:

Սամսոնյանի խոսքով՝ ստացվում է, որ վարչապետի ընտանիքն ի սկզբանե ընդունել է խավիար ուտելու փաստը, խնդիրն այն է, որ իրենք փորձել են եւ փորձում են ընդդիմադիր խոսքը լռեցնել:

«Սա հերթական նմանատիպ ապացույցն է, քանի որ սուտ մատնության համար անհրաժեշտ ցուցմունքը, որը պետք է լիներ, գոյություն չունի: Ավելին՝ ես ՀՔԾ-ում Շուշին հանձնողների հանցակից քննիչին՝ Լեռնիկ Ստեփանյանին տված ցուցմունքում տակը գրել եմ, որ սույն քննիչը խեղաթյուրել է իմ խոսքը, հետեւաբար ցուցմունքը գրված չէ իմ ձեռքով, եւ ես չեմ կարող ստորագրել եւ հրաժարվում եմ ապագայում որեւէ ցուցմունք տալուց»,- ասաց Սամսոնյանը:

Նա հավելեց, որ քանի որ գործն ամբողջությամբ քաղաքական է, իր կողմից լինելու են քաղաքական տեքստեր. «Ես հարցեր ունեմ դատավորին, դատախազին, ինչպե՞ս են իրենք առանց ըմբոստանալու շարունակում ենթարկվել Շուշին հանձնող, 5000 զինվորի գլուխ կերած դավաճան վիժվածքին»:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, «Անտիֆեյք» կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը ամիսներ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որ վարչապետի ընտանիքն ամեն ամիս ռեստորաններից մեկից գնում է 3000 դոլար արժողությամբ սեւ խավիար: Հետո, ըստ գրառման, երբ նորից են ուզել խավիար գնել, փորձել են անկանխիկ վճարել, բայց նրանց հայտնել են` այդ դեպքում այն ավելի թանկ է արժենալու։ Դրանից հետո Փաշինյանը ՊԵԿ–ին հրահանգել է զբաղվել այդ ռեստորանով։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել՝ սուտ մատնություն կատարելու մեղադրանքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել