News.am-ը գրում է․

65 տարեկանը լրացած անձը չի կարող է ԲԴԽ անդամ ընտրվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ անդրադառնալով նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ առաջադրելու «Իմ քայլի» նախաձեռնությանը։

«Ես հույս եմ հայտնել, որ պարոն Ջհանգիրյանի նման երկարամյա փորձառություն ունեցող իրավաբանը չի գնա օրենքի խախտման ճանապարհով ԲԴԽ անդամ դառնալուն։ Իմ հույսը մասնագիտական պարկեշտության վրա է։ Դեռ մի քանի օր կա, հուսով եմ՝ կուսումնասիրի Դատական օրենսգիրքը, եւ կընտրի օրինական ուղին։ Իմ խորին համոզմամբ, դա իրականություն կդառնա, եթե «Իմ քայլը» դաշինքը Ջհանգիրյանին ցանկանում է տեսնել ԲԴԽ անդամ։ Դրա ճանապարհը կա՝ փոփոխություն անեն Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում եւ մենք պարոն Ջհանգիրյանին սրտաբաց կընդունենք Բարձրագույն դատական խորհրդում»,- նշեց Վարդազարյանը։

Անդրադառնալով մամուլում տարածված այն լուրին, թե «Իմ քայլը» խմբակցությունը ցանկանում է Ջհանգիրյանին դարձնել ԲԴԽ նախագահ, Վարդազարյանն արձագանքեց. «Ես հրաժարական տալու ցանկություն չունեմ եւ չեմ տալու։ Պարոն Ջհանգիրյանին ճանաչում եմ եւ շատ բարձր եմ գնահատում որպես իրավաբանի»։

Դիտարկմանը, որ գուցե Ջհանգիրյանն ընտրվել է թեկնածու՝ վեթինգ իրականացնելու համար, ԲԴԽ նախագահն ասաց, որ Բարձրագույն դատական խորհուրդը կոլեգիալ մարմին է, եւ որեւէ անձ չի կարող վեթինգ իրականացնել. «Նման բան հնարավոր չէ պատկերացնել»։

Անդրադառնալով Ջհանգիրյանի այն հայտարարությանը, թե ինքը չի հասկանում՝ երբ ռազմական հեղաշրջման կոչի մեղադրանքով անձին դատարանը բաց է թողնում, Վարդազարյանն ասաց.

«Եթե օրենքը փոխվի, եւ Ջհանգիրյանը դառնա ԲԴԽ անդամ, ապա ակնառու փաստը, որին ականատես կլինի, այն է, որ ԲԴԽ-ում, եթե կոնկրետ գործի մասին որեւէ անդամ փորձում է ներքաշվել արդարադատական պրոցեսի մեջ, ապա կդատապարտվի։ Բարձրագույն դատական խորհուրդը խստորեն հետեւում է օրենքի պահանջին, չի միջամտում արդարադատական պրոցեսին, եւ պարոն Ջհանգիրյանը հնարավորություն չի ունենալու միջամտելու։ Կարգապահական վարույթի դեպքերում ԲԴԽ-ն հանդես է գալիս որպես դատարան, եւ նյութերը հասանելի են դառնում ԲԴԽ-ին, բայց դա այն դեպքում, եթե կարգապահական վարույթ է հարուցված դատավորի նկատմամբ։ ԲԴԽ-ն պետք է օրինական հնարավորություն ունենա վեթինգ իրականացնելու։ Այսինքն՝ օրենսդիր մարմինը պետք է վեթինգ անցկացնելու որոշում կայացնի եւ որոշի այն իրականացնող մարմնին. դա կարող է լինել ԲԴԽ-ն կամ մեկ այլ մարմին։ Բայց այդ ամենը պետք է լինի օրենքով։ Մեկ անձով, մեկ ծաղկով գարուն չի գա։ Ասել, որ պարոն Ջհանգիրյանը գա, դատական համակարգի բոլոր խնդիրները լուծվելու են, դա այդպես չէ»։

Վարդազարյանը շեշտեց, որ դատական իշխանությունում կան ծայրահեղ խնդիրներ, որոնք ավելի առաջնահերթ են. «Մենք ծայրահեղ խնդիրներ ունենք, որոնք պետք է Կառավարությունը եւ Ֆինանսների նախարարությունը լուծեն, ոչ թե պարոն Ջհանգիրյանը։ Իմ կարծիքով՝ ոչ ես, ոչ պարոն Ջհանգիրյանը, ոչ պարոն Փաշինյանը, Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանությանն այլեւս չենք կարող թելադրել մեր կամքը։ Դատարաններն այսօր աշխատում են օրենքով եւ անկախ են։ Իմ խորին հարգանքը մեր դատավորներին»։

NEWS.am-ը զրուցեց նաեւ ԲԴԽ դատավոր Գրիգոր Բեքմեզյանի հետ, որը նշեց՝ ԲԴԽ գիտնական-անդամի համար օրենսգիրքը տարիքային որեւէ սահմանափակում չի նախատեսում։

«Ավելին ասեմ, դատավորի 65 տարեկանը կարգավորվում է ՀՀ դատական օրենսգրքի 56-րդ հոդվածով, որտեղ ասվում է, որ դատավորը պաշտոնավարում է մինչեւ 65 տարեկանը։ 83-րդ հոդվածի 5-րդ մասում ասվում է, որ 5. Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 51-րդ, 53-55-րդ, 57-60-րդ, 62-64-րդ հոդվածները եւ 21-րդ գլխի կանոնները՝ այնքանով, որքանով կիրառելի են, եւ եթե այլ բան սահմանված չէ սույն օրենսգրքով. այս հոդվածները վերաբերում են դատավորներին։ Այսինքն՝ Դատական օրենսգիրքն էլ այդ 65 տարեկանի շեմը գիտնական անդամի համար չի նախատեսում։ Լիազորությունների դադարեցման հիմք տարիքին հասնելը չի նախատեսում օրենսգիրքը, իսկ դատավոր-անդամների համար նախատեսում է, որ անձը կարող է պաշտոնավարել մինչեւ 65 տարեկանը, եւ քանի որ դատավոր-անդամը ընտրվում է ԲԴԽ անդամ այն սկզբունքով, որ ինքը դատավոր է, երբ դատավորի լիազորությունները դադարում են տարիքային կամ այլ հիմքով, նա մեխանիկորեն դադարում է ԲԴԽ անդամ լինելուց։ Բայց ԲԴԽ անդամի համար քանի որ չկա ինչ-որ տարիքային շեմ, որից հետո լիազորությունները պետք է դադարեն, ենթադրվում է, որ ոչ։ Մյուս կողմից գիտնական համարվում են նաեւ դասախոսները, որոնք 65 տարեկանից հետո շարունակում են աշխատել»,- ասաց դատավորը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել