168․am-ը գրում է․

Մինչ տնտեսական ու սոցիալական ճգնաժամը Հայաստանում նահանջելու միտք չունի, տարվա մեկնարկին կավելանա նաև հասարակության ու տնտեսության ֆինանսական ծանրաբեռնվածությունը։ Դա հարկային բե՞ռ, թե՞ այլ բան կկոչենք, երևույթի էությունը չի փոխվում։

Տարվա սկզբից կտրուկ կբարձրանան Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարվող վճարները։ Հիմնադրամում միլիարդավոր դրամների ֆինանսական միջոցների կարիք է առաջացել։ Ղարաբաղյան պատերազում կրած մեծաթիվ մարդկային կորուստներից հետո, եղած միջոցներն այլևս չեն բավարարում բոլոր տուժածների նկատմամբ ստանձնած պարտավորությունները կատարելու համար։ Եթե մինչև ղարաբաղյան պատերազմը Հիմնադրամը բավական լուրջ հավելյալ ռեսուրսներ էր կուտակել, որովհետև շատ սահմանափակ թվով շահառուներ ուներ, ապա հիմա շահառուների թիվը կտրուկ ավելացել է։ Նույնիսկ կուտակված միջոցները բավարար չեն առաջացած լրացուցիչ բեռը հոգալու համար։

Այդ բեռը կառավարությունը որոշեց դնել հասարակության ու տնտեսության վրա։

Խոսքը 23 մլրդ դրամ կամ ավելի քան 44 մլն դոլար լրացուցիչ միջոցների մասին է։ Սա ընդամենը 4 միլիարդով է զիջում այն գումարը, որը կառավարությունը նախատեսել է այս տարի պարգևավճարներ վճարելու համար։ Բայց կառավարությունն այդպես էլ նույնիսկ չքննարկեց Հիմնադրամի բացը պարգևավճարների կամ բյուջեի այլ միջոցների հաշվին գոնե մասնակի լրացնելու հարցը։

Այնպես որ, հունվարի 1-ից աշխատող բոլոր քաղաքացիները ստիպված կլինեն ավելի շատ դրոշմանշային վճար կատարել, քան կատարում էին նախկինում։

Հիշեցնենք, որ մինչև 100 հազար դրամ հաշվարկման բազայի դեպքում վճարը նախկին հազարից կդառնա 1,5 հազար դրամ։ 101-200 հազարի դեպքում կկրկնապատկվի, իսկ 201-500 հազարի դեպքում կկազմի 5,5 հազար։ Մինչև 1 մլն դրամ հաշվարկային աշխատավարձ ստացողների համար դրոշմանշային վճարը կլինի 8,5 հազար, իսկ դրանից բարձրերի դեպքում՝ 15 հազար դրամ։

Թե ի՞նչ տրամաբանությամբ է կատարվել այս բաժանումը, հայտնի չէ։ Բայց դրա արդյունքում ստացվել է այնպես, որ մի դեպքում նույն սանդղակում գտնվողի համար բեռը լինելու է աշխատավարձի, ասենք՝ 2,7 տոկոսի, մյուսի համար՝ 1,1 տոկոսի չափով։

Սոցիալական համերաշխության կանոնն ամբողջությամբ աղավաղվել է։ Քիչ եկամուտ ստացողի համար բեռն անհամեմատ ավելի է ծանրանում, քան շատ եկամուտ ստացողի դեպքում։ Այնինչ՝ կարելի էր այնպես անել, որ բեռը բոլորի համար հավասար տեղաբաշխվեր։

Բայց կառավարությունը որոշեց գնալ այս ճանապարհով՝ ավելի մեծ ծանրաբեռնվածություն դնելով ցածր եկամուտներ ստացողների վրա։ Այնպես, ինչպես ժամանակին արեց եկամտային հարկի դեպքում, երբ կտրուկ նվազեցրեց բարձր եկամուտներ ունեցողների հարկային բեռը՝ սահմանելով համահարթ եկամտային հարկի դրույքաչափ։ Այդ քայլի հետևանքով պետական բյուջեն ստիպված եղավ կորցնել տասնյակ միլիարդավոր դրամներ։

Սոցիալական խիստ բևեռացվածության պայմաններում, այդ նախաձեռնությունը ոչնչով արդարացված չէր։ Բայց իշխանությունները մինչև վերջ պնդեցին իրենց ասածը։

Երբ բախվեցինք Հիմնադրամի համար ֆինանսական միջոցներ գտնելու խնդրի հետ, կրկին նախընտրեցին պաշտպանել բարձր եկամուտներ ունեցողների շահերը։ Փոխարենը, ինչպես նախորդ դեպքում՝ այս անգամ ևս ավելի շատ կտուժեն ցածր եկամուտներ ունեցողները։

Խնդիրն այն չէ, որ մարդիկ զլանում են վճարել իրենց կյանքը Հայրենիքին տված նահատակների ընտանիքների սոցիալական ապահովության համար։ Խնդիրն իշխանությունների ցուցաբերած մոտեցման մեջ է։ Առանց այն էլ, ցածր եկամուտ ունեցողները սոցիալական ավելի վատ պայմաններում են ապրում։ Այսպիսի նախաձեռնությամբ էլ ավելի ենք վատացնում նրանց վիճակը։ Հատկապես որ, խոսք չկա աշխատավարձերի բարձրացումների մասին։ Այս տարի անիմաստ է նույնիսկ նման սպասելիքներ ունենալը։ Չհաշված սպառողական ապրանքների շուկայում տեղի ունեցած այն համատարած թանկացումները, որոնց մարդիկ բախվում են ամեն քայլափոխի։ Ու այս պայմաններում՝ ավելացնում ենք այդ մարդկանց ֆինանսական բեռը։ Էական չէ, թե դա ինչ նպատակով է արվում։

Հունվարի 1-ից փոփոխություններ կլինեն նաև եկամտային հարկի դրույքաչափում։ Այն 1 տոկոսով կնվազի։ Արտաքուստ թվում է, թե այդ 1 տոկոսն էլ ինչ-որ բան է՝ փոխհատուցելու Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հաշվին կատարվող վճարումների գծով առաջացող բեռը։ Բայց այդպես չէ։ Եկամտային հարկի դրույքաչափի նվազեցման դիմաց կավելանան կենսաթոշակային հիմնադրամին կատարվող վճարումները։ Աշխատողների մասնաբաժինը 1 տոկոսով կաճի։ Այնպես որ, եկամտային հարկի դրույքաչափի նվազեցման ազդեցությունը քաղաքացու եկամուտների վրա կլինի ձևական և փաստացի ոչինչ չի տա։

Տարվա սկզբից ստիպված կլինեն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ավելի շատ գումարներ վճարել ոչ միայն քաղաքացիները, այլև տնտեսական հատվածի մասնակիցները։ Անհատ ձեռնարկատերերը և նոտարները մինչև 1,2 մլն դրամ շրջանռություն ունենալու դեպքում կվճարեն 8 հազար դրամ։ Խոսքը տարեկան վճարի մասին է։ Դրանից բարձր՝ մինչև 2,4 միլիոն շրջանառություն ունեցողների համար դրոշմանշային վճարը կկրկնապատկվի։ Մինչև 6 միլիոնի դեպքում այն կկազմի 66 հազար, մինչև 12 միլիոնի դեպքում՝ 102 հազար դրամ։ Ավելի բարձր շրջանառություն ունեցողները կվճարեն 180 հազար դրամ։

Նախկինում այս բոլոր խմբերը վճարում էին ընդամենը 12 հազար դրամ։ Դժվար չէ հաշվել, թե դրանց վրա ինչպիսի լրացուցիչ ֆինանսական բեռ է ավելանալու։

Սա բերելու է բազմաթիվ տնտեսվարողների գործունեության դադարեցման։ Շատերը ստիպված կլինեն զգուշանալ նաև նոր գործ սկսելուց առաջ։

Անկախ նրանից, թե ինչ նպատակ է հետապնդում դրոշմանշային վճարի ավելացումը՝ ֆինանսական բեռնվածությունը բացասական է ազդում տնտեսական գործունեության վրա։ Առավել ևս, երբ դա տեղի է ունենում ճգնաժամի պայմաններում։ Տնտեսական իրավիճակը երկրում շարունակում է մնալ լարված, և այդ պայմաններում տեղին չէ տնտեսության ու հասարակության վրա ֆինանսական բեռ ավելացնել։ Հատկապես որ, դա չի սահմանափակվելու միայն դրոշմանշային վճարով։

Գործողության մեջ են մտնում նաև այն վերանայումները, որոնց արդյունքում անշարժ գույքը գրեթե ամբողջությամբ անցնելու է գույքահարկի հարկման տակ։ Եթե շատերը, գույքի կադաստրային արժեքից կախված՝ նախկինում ազատված էին գույքահարկից, հիմա ստիպված են լինելու վճարել։ Ովքեր էլ վճարում էին, ավելի շատ կվճարեն։

Բարձրանալու է նաև խմիչքների և էներգակիրների ակցիզային հարկը՝ բերելով բազմաթիվ ապրանքների թանկացման։

Այսպիսի փոփոխությունները, այն էլ՝ ճգնաժամային պայմաններում, ոչ մի լավ բան չեն խոստանում։ Ճգնաժամի ժամանակ սովորաբար փորձում են թուլացնել հասարակության ու տնտեսության բեռը։ Այնինչ, մեր դեպքում հակառակն է լինելու, ինչն իր ուղղակի ազդեցությունն է ունենալու՝ ինչպես տնտեսության, այնպես էլ՝ սոցիալական իրավիճակի վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել