168.am-ը գրում է․

Ֆեյսբուքյան օգտատերերից Արամ Գևորգյանը 2021թ․ հունվարի 3-ին գրել էր, որ երևանյան խանութներում ադրբեջանական «Կոկա-կոլա» է վաճառվում։

«Երբ ֆեյսբուքյան ֆռենդներիցս մեկն ուղարկեց դրա նկարն ու ասեց, որ ընկերը Երևանի խանութներից մեկից է գնել, մի քիչ չհավատացի, խնդրեցի անձամբ համոզվել։ Ճշտել էր խանութն ու գնացել, իր աչքով տեսել, ապացույց ունենալու համար էլ մեկ հատ գնել էր (տարան պահել ենք)։ Թումանյանի վրա ինչ-որ «Զամբյուղ» խանութ կա, ըտեղ են վաճառում։ Բայց կարծում եմ՝ ստեղ հարցը խանութը չի, այլ այն, որ դա եկել, հարկայինով, մաքսայինով անցել, հայտնվել ա երևանյան խանութներում, ու ոչ մեկը դրա դեմը չի առել։ Դե երևի վերևներից հրաման ունեն, ադրբեջանական շուկան են բացում»,- գրել էր նա։

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) նախկին պետ, «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար Գրիգոր Գրիգորյանի խոսքով՝ անկախ նրանից՝ ըմպելիքը Վրաստանի՞ց է գալիս, թե՞ այլ տեղից, այդտեղ մի շարք խախտումներ կան։

«Խանութներում նարինջ էլ ունենք, որն Ադրբեջանում է արտադրված։ Եթե բարոյականը, ազգային անվտանգությունը դնենք մի կողմ ու վերցնենք տեխնիկական պահը, դա վկայում է այն մասին, որ սննդամթերքի ներկրման, վերահսկողություն կատարող լիազոր մարմինը հայրենադավ գործունեություն է ծավալում։ Երբ նայում ենք այս «Կոկա կոլայի» շշին, ապա տեսնում ենք, որ վրան գրված է վրացերեն ու թուրքերեն, իսկ ներքևում գրված է արտադրողի կամ մատակարարողի հասցեն, այն է՝ Բաքու։

Այսինքն, սա արտադրվել է Ադրբեջանում։ Վրան կա թղթի կտոր։ ԵԱՏՄ պահանջներից է՝ ցանկացած ապրանք, որն արտադրված է ինչ-որ մի երկրի համար, դրա վրա պետք է լինի բաղադրությունը՝ տվյալ երկրի լեզվով գրված։ Իսկ սրանք թղթի կտոր են կպցրել, որի վրա չգիտեմ ինչ է գրված։ Սա արդեն իսկ խախտում է։ Այսինքն, նույնիսկ չի նմուշառվել, պարզապես ներկրվել է ու թույլատրվել է վաճառքի։ Էլ չեմ խոսում խնձորի, բրնձի, սմբուկի մասին, որոնք բերվում են Պակիստանից։ Այսինքն՝ այն երկրներն են, որոնք դե ֆակտո մեր դեմ պատերազմել են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՍԱՊԾ նախկին պետը։

Գրիգոր Գրիգորյանն ընդգծեց՝ բազմիցս կոչ է արել ՀՀ իշխանություններին՝ կասեցնել ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2013 թվականի հունիսի 7-ի N 103-Ա տխրահռչակ հրամանը, որով թույլատրվել է Ադրբեջանից ու Թուրքիայից ապրանք ներմուծել։  Խոսքը ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2013 թվականի հունիսի 7-ի N 103-Ա հրամանի մասին է, համաձայն որի՝ ուժը կորցրած էր ճանաչվել ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 15-ի «Թուրքական և ադրբեջանական ծագում ունեցող կենդանական և բուսական հումքի ու մթերքի ՀՀ տարածք ներկրումը ժամանակավորապես արգելելու մասին» N 220-Ա ՀՀ հրամանը: Այսինքն՝ 2013 թվականի հունիսի 8-ից Թուրքիայում և Ադրբեջանում արտադրված կենդանական և բուսական հումքը ու մթերքն արդեն կարող էր ներմուծվել ՀՀ տարածք և իրացվել:

«Իմ կարծիքով՝ սա լուրջ վտանգ է ներկայացնում։ Մենք դեռևս սառեցված հրադադարի ռեժիմում ենք մեր հարևան չարորակ նորագոյացության հետ, ու նման վերաբերմունքը ես չեմ կարողանում հասկանալ։ Պետական դավաճանությունը պոզով-պոչո՞վ է լինում։ Սննդամթերքի անվտանգությունը մեր թիկունքի անվտանգության հիմնական բաղադրիչն է։ Հսկողություն այսօր չի գործում, կասկածներ չունեմ, որ ծրագրավորված գործողություններ են։ «Կոկա կոլան», ցավոք, ամենաշատ սպառվող ըմպելիքներից է մեզ մոտ։ Ադրբեջանական սխտորի, խնձորի, քաղցրավենիքի հայտնաբերումից հետո ես հանրային արձագանք եմ տվել այս ամեն ինչին, բայց թե՛ նախկին իշխանության ժամանակ, թե՛ հիմա արձագանքը մնում է անպատասխան։ Կոչ եմ անում բնակչությանը՝ զգոն լինել։ Մեզ պետք չէ, որ մասսայական թունավորումներ սկսվեն։ Կենսաբանական գենետիկան վերջին տարիներին այնքան առաջ է գնացել, որ աղջիկ երեխաներին հնարավոր է չբերության հասցել։ Նման բան ոչ օֆիցիալ այսօր կիրառվում է աֆրիկյան երկրներում»,- նշեց Գրիգոր Գրիգորյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել