168.am-ը գրում է.

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պնդմամբ՝ իրականություն է դարձել նախորդ օրն իր արած ենթադրությունը:  Նա ասել էր, որ իր և Քաջարանի համայնքապետի ձերբակալությունն  ինչ-որ ենթատեքստ ուներ, իշխանությունը նպատակ ուներ իրենց բացակայության պայմաններում Սյունիքում որոշակի տարածքներ ևս տալ թշնամուն: Դրա վկայությունը, ըստ համայնքապետի, վաղ առավոտյան ստացած տեղեկությունն է, որ Գորիս խոշորացված համայնքից տներ են հանձնվում Ադրբեջանին: Այս մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի բակում լրագրողների հետ զրույցում հայտնեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը:

Լրագրողի հարցին, թե արդյո՞ք ՀՀ զինված ուժերը դուրս են եկել այդ հատվածից, ու այնտեղ մնացել են կամավորները, Առուշանյանն արձագանքեց.

«Բանակը հրաման է ստացել նահանջի և հետ է եկել այդ չարաբաստիկ GPS համակարգով, թե որտեղ պետք է սահմանը լինի, մինչ այդ պահը հստակ չէ: Բնականաբար, կամավորները, ովքեր պահում էին դիրքերը, այստեղ տերմիններ կան, եթե կամավորը կանգնած է, պետք է նրան օգնի արտիլերիան, և այլն: Եթե այդ ամենը հետ է գալիս, ինքնաբերաբար իրենք էլ պետք է հետ գան»,- ասաց Առուշ Առուշանյանը:

Նա ասաց նաև, որ շատ վտանգավոր է՝ Շուռնուխի ու Որոտանի հատվածներում այնպես է ստացվում, որ մարդկանց տները կպած են լինելու թշնամուն:

«Երբ մենք այնտեղ չենք եղել, մեր համագյուղացիներից մեկը, մի կին բանակցում էր թուրքի հետ: Այ սա է աբսուրդի ժանրից… Թշնամին է թելադրում, թե որն է իրենը, որն իրենը չէ: Եվ գուցե մի օր էլ հենց ձեր տներում հասնի՝ այդ նախադասությունը ասելու:

Շաբաթվա կեսը ես պետք է լինեմ այդ գյուղերում, իրենց հետ: Նամուս-թասիբի հարց է, ուղղակի այդտեղից պետք է ոչ մեկը չբացակայի, պետք է ապրենք: Պետք է ապրենք այնքան, որ նախկինում՝ մի քանի ամիս առաջ, ինչ տվյալներ ունեինք,  Աստծո կամոք հասնենք այդ տվյալներին, այսինքն՝ գնանք այն դիրքերը, որտեղից որ հետ ենք եկել»,- ասաց Գորիսի համայնքապետը:

Առուշ Առուշանյանը նաև անդրադարձավ առավոտյան կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, թե Որոտանի և Շուռնուխի սահմանային հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել:

«Ես ձեզ ասում եմ, որ Ձեր նշած անձը կանխավ տեղյակ է եղել այս ամենին, ինչ այսօր կատարվում է, և պատահական չէր մեր ձերբակալությունները, պատահական չէր,  այս կռվող տղերքին հանել խրամատից, հետ բերել, և այս, ինչը որ տեղի է ունենում, դա տվյալ անձի իմացությամբ է  կատարվել, և երևի այսօր առիթ ունեն, թշնամուն նվիրատվություն էր»,- ասաց Առուշ Առուշանյանը:

Նա նաև վստահություն հայտնեց, որ Փաշինյանի հրաժարականը, ինչպես նաև նոր իշխանության ձևավորումը հնարավորություն կտան լուծելու այդ խնդիրները:

«Համոզված եմ, որ նման տխրահռչակ անակնկալների մենք ականատես չենք լինի, և կարծում եմ, որ այն իշխանությունը, որն իրական լեգիտիմություն կունենա, մեր քաղաքացիները սրտանց կամենալով, հասկանալով, նայելով մարդկանց անցած ուղին, փորձը, եթե ունենանք նման իշխանություններ, կարծում եմ՝ այդ բանակցային փուլերի ընթացքում գուցեև հնարավոր լինի:

Եվ երկրորդ, ես հիմա խոսում եմ ոչ թե՝ որպես պաշտոնատար անձ, այլ խոսում եմ՝ որպես ՀՀ Գորիս համայնքի բնակիչ, հայ մարդ, ես հակված եմ այն տարբերակին, որ մեր իշխանությունները պետք է օր առաջ զինվեն, զենք ձեռք բերենք և մեր խնդիրը լուծենք»,- ասաց Գորիսի համայնքապետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել