Pastinfo.am-ը գրում է.

Նախաքննական մարմնին հայտնի է իմ գտնվելու տեղը, հեռախոսահամարը, ես մշտապես հասանելի եմ ու պատրաստ պատասխանել իրենց հուզող բոլոր հարցերին: Ավելին, ինձ առաջարկվել է վաղեմության հիմքով կարճել քրեական գործը, ինչից հրաժարվել եմ՝ պնդելով, որ գործի քննությունը հասնի ավարտին,- հայտարարել է Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը՝ արձագանքելով իր նկատմամբ հետախուզում հայտարարելու քննիչի որոշմանը։

Հ.Շահինյանը տարածված հայտարարության մեջ ասվում է.

«Օրերս ինձ հայտնի դարձավ, որ Ոստիկանության հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչության քննիչները հետախուզում են հայտարարել իմ նկատմամբ, և սա՝ այն դեպքում, երբ վերջին 10 տարին մշտապես հաճախակի բացակայել եմ երկրից և երբևէ երկիր մուտք ու ելքի հետ կապված խնդիր չեմ ունեցել:

Հստակ կարող եմ արձանագրել, որ սա քաղաքական հետապնդում է իմ քաղաքական հայացքների ու իմ պայքարի վեկտորների՝ իշխանությունների համար ոչ ցանկալի կողմով ուղղվելու համար:

Իշխանությունների՝ իմ անձի շուրջ «հետաքրքրությունն» առաջացել է այն ժամանակ, երբ ես՝ որպես ՀՀ քաղաքացի, պայքար սկսեցի Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության համար:

Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում իմ՝ Հայաստանում գտնված ժամանակ ամեն անգամ պարտադիր ներկայացել եմ նախաքննական մարմնին, բացատրություն չեմ տվել, հիմնավորումներ չեմ լսել:

Շուրջ 1.5 տարվա ընթացքում նախաքննական 3 մարմին է փոխվել իմ գործով՝ Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ), Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ) և ՀԿԳ վարչություն: Օրերս փոխվել է նաև հերթական քննիչը: Ինչևէ:

Եվս մեկ անգամ հայտարարում եմ, որ նախաքննական մարմնին հայտնի է իմ գտնվելու տեղը, հեռախոսահամարը, ես մշտապես հասանելի եմ ու պատրաստ պատասխանել իրենց հուզող բոլոր հարցերին: Ավելին, ինձ առաջարկվել է վաղեմության հիմքով կարճել քրեական գործը, ինչից հրաժարվել եմ՝ պնդելով, որ գործի քննությունը հասնի ավարտին:

ՀՀ դեռևս գործող իշխանություններին ուզում եմ տեղեկացնել, որ այս քաղաքական հետապնդումներն անօգուտ են. պայքարել եմ և հետայսու ևս պայքարելու եմ իմ համոզմունքների ու սկզբունքների համար:

Հարգանքով՝ Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյան»։

Աղբյուր` Փաստինֆո

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել