168․am-ը գրում է․

Ընդդիմությունը շարունակում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները։ Հայտարարվել է ընդդիմության՝ վարչապետի թեկնածուի անունը՝ Վազգեն Մանուկյան, ինչը, անշուշտ, էական ազդեցություն կունենա առաջիկա քաղաքական զարգացումների վրա։

Այս քայլերն, իհարկե, կարևոր են։ Սակայն կա մի վտանգ, որի մասին առնվազն առայժմ որևէ մեկը չի խոսում։ Ընդունենք, որ ընդդիմությունը հասնում է  Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, որից հետո ընտրվում է նոր, կրկին ենթադրենք, ընդդիմության առաջարկած վարչապետի թեկնածուն, ձևավորվում է ազգային համաձայնության կամ որևէ այլ անվանումով կառավարություն, և ժամանակ հետո նշանակվում են ԱԺ արտահերթ ընտրություններ։ Դրանից հետո առաջանալու է կարևորագույն հարց՝ արդյոք Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական թիմով մասնակցելո՞ւ է այդ ընտրություններին, թե՞ ոչ։ Նրա մասնակցությունն ընտրություններում թույլ չտալու որևէ իրավական արգելք գոյություն չունի, անգամ, եթե կրկին տեսականորեն ենթադրենք, որ անցումային կառավարության պաշտոնավարման շրջանում կարող է պատերազմի հետաքննություն սկսվել ու Փաշինյանին ու նրա որոշ թիմակիցներին ինչ-ինչ մեղադրանքներ առաջադրվել, միևնույն է՝ մինչև դատական վճիռի հրապարակումը նա կարող է մասնակցել ընտրություններին։ Դա նշանակում է, որ գործնականում չկան Նիկոլ Փաշինյանի մասնակցությունն առաջիկա արտահերթ ընտրություններում բացառելու իրավական հնարավորություններ։ Իսկ դա էլ իր հերթին՝ նշանակում է, որ Փաշինյանն ընկնելու է իր տարերքի մեջ՝ փողոց, հանրահավաք, ելույթներ։

Այդ հարցում Նիկոլ Փաշինյանն անգերազանցելի է, և նա կարողանալու է հասարակության ամենաստորին բնազդների վրա ներգործելով, մանիպուլյացնելով՝ «ապացուցել», որ ինքը ոչ միայն դավաճան չէ, այլ անձամբ է կրծքով պաշտպանել Ստեփանակերտը, ոմանց համոզելու է, որ պարտությունն իր վրա են բարդել նախկինները, ավելի նախկինները, որ ինքը միայնակ պայքարել է բոլորի դեմ, ու բացառապես իր ջանքերի շնորհիվ է, որ թուրքական բանակը Երևան չի մտել․․․ Այդ ամենը համեմվելու է նախկինների մասին հայտնի թեզերով, թալանով, կոռուպցիայով, բոլորին ծանոթ, բայց հասարակության համար դեռևս ականջահաճո կարգախոսներով, որոնց արդյունքում մարդիկ կատարելու են ոչ թե գիտակցված, այլ էմոցիոնալ ընտրություն՝ Նիկոլ Փաշինյանին կրկին հնարավորություն տալով «փրկել նախկիններից»։ Ասվածը, իհարկե, չի նշանակում, թե նա կարող է նույնքան ձայն ստանալ, որքան 2018 թվականին, բայց չափազանց մեծ է վտանգը, որ ներկայանալի քվե այդուհանդերձ կարող է ստանալ։ Իսկ դա չափազանց վտանգավոր հեռանկար է, որովհետև այդ դեպքում Նիկոլ Փաշինյանի կապիտուլյացիան կլեգիտիմանա և աշխարհը կտեսնի, որ Հայաստանի հասարակության թեկուզ որոշակի հատված հավանություն է տալիս Արցախի 80 տոկոսը հանձնելու և Հայաստանը վտանգելու իրողությանը։ Դա կլինի Նիկոլ Փաշինյանի երկրորդ մեծագույն հարվածը Հայաստանին ու Արցախին՝ կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրումից հետո։

Այնպես որ, բոլոր այն ուժերը, ովքեր պահանջում են արտահերթ ընտրություններ, կամ պետք է ամեն ինչ անեն դրանցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը թույլ չտալու համար, ինչը գոնե տեսանելի իրավակարգավորումների շրջանակում գրեթե անհնար է, կամ պետք է հասարակության հետ խոսեն այնքան ու այնպես, որ կարողանան նրան դուրս բերել նիկոլիզմի հիպնոսից։ Երկու խնդիրներն էլ չափազանց դժվար իրագործելի են, բայց եթե դրանք չլուծվեն, Հայաստանի վրա կարող է դաջվել երկրորդ խարանը՝ կապիտուլյացիայի լեգիտիմացման անջնջելի բիծը, որն էականորեն կսահմանափակի Հայաստանի արտաքին քաղաքական հնարավորությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել