Hraparak.am-ը գրում է․

Տեղեկություն տարածվեց, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քարտեզագրմամբ անմիջապես սահմանակից է Ադրբեջանին, հակառակորդի զինվորների առաջխաղացում է նկատվել; Վերջիններս փորձել են ընդլայնել սահմանը՝ ներխուժելով հայկական տարածք։

Միջադեպի մասին Hraparak.am-ը մանրամասներ ճշտեց Տեղ համայնքի ղեկավարի մամուլի խոսնակ Արևիկ Աբելյանից։ «Միջադեպը երեկ է եղել, իրենց զինված ուժերի ներկայացուցիչները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին։ Թեման սահմաններին է վերաբերել։ Մեր տղաներն անմիջապես կապ են հաստատել համայնքի ղեկավար Ներսես Շադունցի հետ, ով հանձնարարել է մի քայլ անգամ ետ չգնալ կանգնած դիրքերից։ Խոսակցությունը վարել է Արավուսի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը, ով նաև ջոկատի հրամանատարն է։ Զրույցն ընթացել է հանգիստ, առանց կոնֆլիկտային միջադեպերի։ Ազերիները առաջարկել են ըստ նոյեմբերի 9-ի կնքված պայմանագրի՝ նախատեսված գծով ետ գնալ, որ իրենց ջոկատներն էլ կանգնեն։ Մեր տղաները չեն զիջել, ասել են, որ իրենք իրենց ճիշտ տեղում են և իրենց տարբերակն են առաջարկել, այն է՝ մի քիչ այն կողմ դիրքավորվել։Գնացել են, խոստանալով, որ կքննարկեն ու նորից կհանդիպեն»։ Հարցին, թե ինչ լեզվով են բանակցել հակառակորդի հետ, Արևիկ Աբելյանը նշեց, որ Արավուսի վարչական  ղեկավարը հրաշալի տիրապետում է իրենց լեզվին և բանակցել է իրենց իսկ լեզվով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել