168.am-ը գրում է․

Նոյեմբերի 28-ին Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն ընդունել է Միացյալ Թագավորությունից Հայաստան ժամանած Շտապ բուժօգնության թիմի անդամներին և քննարկել Հայաստանում նրանց գործունեության վերաբերյալ բժշկական, ինչպես նաև կազմակերպչական հարցեր:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը փոխանցեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարին հայ բժիշկներին օգնելու են գալիս մի երկրից, որտեղ կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում արձանագրած վիճակագրությունը շատ ավելի վատ վիճակում է՝ քան Հայաստանինը։

«Միացյալ Թագավորությունից Հայաստան են ժամանում Շտապ բուժօգնության բժիշկներ այն դեպքում, երբ, ըստ ԱՀԿ տվյալների, Հայաստանը կորոնավիրուսի տարածվածության մակարդակով 10-րդ տեղում է, իսկ Միացյալ Թագավորությունը՝ 7-րդ, մահերի քանակով Հայաստանը 20-րդ տեղում է, իսկ Միացյալ Թագավորությունը՝ 5-րդ, մահացության մակարդակը մեզ մոտ 3.6 տոկոս է, այնտեղ՝ 1.6 տոկոս։ Հիմա ուզում եմ հասկանալ, թե մեզանից ավելի վատ վիճակում գտնվող երկրից Շտապ բուժօգնության աշխատողները գալիս են Հայաստան, որ ի՞նչ անեն, ինչ սովորեցնեն»,- ասաց Գևորգյանը։

Ինչ վերաբերում է Հայաստան ժամանած բժիշկներին ռազմական դրության պայմաններում հիվանդանոցների կառավարմանը հասու դարձնելու խնդրին, ապա Գևորգյանը նկատեց.

«Ռազմական դրության ժամանակ և առհասարակ հիվանդանոցների ղեկավարումն ու այնտեղ պահվող տվյալները մեր Ազգային անվտանգության կարևոր բաղադրիչն են կազմում։ Մեր Ազգային անվտանգության բաղադրիչ է կազմում կենսաբանական անվտանգությունը, որի մաս է կազմում հենց հիվանդանոցներում պահվող տեղեկատվությունը մեր երկրում մահացության ցուցանիշների հիվանդությունների տարածվածության վերաբերյալ, իսկ ռազմական դրության ժամանակ էլ ավելի են այդ տվյալները դառնում գաղտնի, որոնց, ի դեպ, տիրապետում են Առողջապահության նախարարությունն ու Պաշտպանության նախարարությունը։ Ստացվում է, որ հայ հանրությանը, լրատվամիջոցներին դրանք չեն տրամադրում՝ գաղտնի են, իսկ Միացյալ Թագավորությունից ժամանած բժիշկների համար այդ տվյալները դառնալու են բաց։ Ակնհայտ է, որ, եթե այդ բժիշկներին տրվում է հնարավորություն համակարգել հիվանդանոցների աշխատանքը, ապա այդ տվյալները բաց են լինելու նրանց համար, իսկ մեր հիվանդանոցներում են պահվում նաև վիրավորում ստացած զինվորների տվյալները, և հիմա դրանք հասանելի են դառնալու Անգլիայից ժամանած բժիշկներին, իսկ սա արդեն Ազգային անվտանգության խնդիր է, ավելին՝ սա մեր պետականության շիրիմն է և կործանումը, որովհետև ներկայի և ապագայի պատերազմները ոչ թե միայն ավտոմատի, այլ նաև կենսաբանական պատերազմներ են»,- ասաց Գրիգորյանը՝ շեշտելով, որ հույս ունի, որ գոնե մասնավոր բժշկական կենտրոնների տնօրենները այդ տվյալներին օտար բժիշկներին հասանելի չեն դարձնի։

Դիտարկմանը՝ եթե Հայաստան ժամանեին ոչ թե Մեծ Բրիտանիայից, այլ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանից Շտապ օգնության բժիշկներ, դաձյալ նույն կարծիքին կլիներ, Գրիգորյանը պատասխանեց.

«Այո՛, դա մեր Ազգային անվտանգության խնդիրն է»:

Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարին, ինչին աջակցելու համար էլ Հայաստան են ժամանել այդ բժիշկները, Գրիգորյանը նկատեց.

«Կորոնավիրուսի թվերը՝ 1800 և ավելի, աճում էին Շուշիի հանձնման օրերից առաջ, այդ թվերն արհեստականորեն ուռճացվում էին, իսկ հիմա, երբ մարդիկ Արցախից վերադարձել են, այդ թվերը փոխանակ ավելի աճեն, սկսել են նվազել։ Սա ցույց է տալիս, որ հասարակությանը շեղելու համար այդ թվերն ուռճացվում էին, հերթական անբարո սուտն էր, իսկ հիմա՝ մարդկային ներհոսքի դեպքում, թվերն օր օրի նվազում են։ Այս կորոնավիրուսը դեռ մահակի պես երկար է օգտագործվելու այս ժողովրդի դեմ»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել