168.am-ը գրում է.

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նոյեմբերի 26-ի նիստում որոշման մի նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկվում էր նախարարությանը հատկացնել շուրջ 460 միլիոն դրամ։

Պապիկյանի նախարարությունը պետբյուջեից այդքան գումար է խնդրում պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։

Ըստ նախագծի՝ առաջարկվում է մինչև 2021 թվականը նախատեսված հիմնանորոգման ենթակա օբյեկտների շինարարության գործընթացը սկսելն ունենալ դրանց նախագծանախահաշվային փաստաթղթերը, որը կապահովի 2021 թվականին նախատեսված աշխատանքների բնականոն ընթացքը։

Նախագծով առաջարկվում է նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար անհրաժեշտ գումարից 460 միլիոն (460,010.0 հազ․ դրամ) ֆինանսավորել  «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման  և 44  միլիոն (44,004.3 հազ․ դրամ) և «Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-Հարավ միջանցքի զարգացման վարկային ծրագիր՝ Տրանշ 3» միջոցառման (416,005.7 հազ․ դրամ) համար նախատեսված միջոցներից՝ այսինքն՝ փաստաթղթերի ձեռքբերմանը հատկացնել ընդհանուր 460 միլիոն դրամ։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վերը նշված նախագծի վերաբերյալ ծավալուն առարկություն է ներկայացրել Ֆինանսների նախարարությունը։

Մասնավորապես՝  ֆինանսների նախարարությունն  առաջարկել  է՝ ելնելով աշխատանքների իրականացման առաջնահերթություններից, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը, քննարկել վերը նշված գումարը (460 միլիոն դրամ) ոչ թե՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը հատկացնել, այլ ուղղել կառավարության պահուստային ֆոնդ։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքերի նախարարությունը Ֆինանսների նախարարության այս առաջարկը մերժել է։

Ֆինանսների նախարարությունն առաջարկել է նաև համայնքային նշանակության ճանապարհահատվածների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման, հետագայում վերջիններիս գծով հիմնանորոգման աշխատանքների իրականացման հարցը քննարկել ՀՀ համայնքներին ենթակառուցվածքների զարգացման նպատակով համաֆինանսավորման սկզբունքով տրամադրվող սուբվենցիաների շրջանակներում. այս առաջարկը ևս Սուրեն Պապիկյանի ղեկավարած նախարարությունը մերժել է։

Ֆինանսների նախարարությունը, սակայն, միայն առարկություններ չի ներկայացրել Պապիկյանի ղեկավարած նախարարությանը, նաև տեղեկացրել է, որ նախքան հերթական հատկացում խնդրելը կարելի էր հիշել, որ նախագծով ներկայացված ճանապարհներից  մեկի համար կա 207 միլիոն 456 հազար դրամի բավարարված սուբվենցիայի ծրագիր, սակայն, չգիտես ինչու, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը  դեռևս որևէ առաջարկություն չի արել. Այսինքն՝ կոնկրետ ճանապարհահատվածի համար գումարը կա, գործ անողը՝ ոչ։

Չնայած այս ամենին, Կառավարությունը նոյեմբերին 26-ի հերթական նիստում հաստատեց նախագիծը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել