Lurer.com-ը գրում է․

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք բերելու համար Հայաստանը համաձայնագիր է ստորագրել «Covax Facility» համաշխարհային միասնական գնումների հարթակ-հիմնադրամի հետ։ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նախատեսում է գնել շուրջ 600 հազար դեղաչափ՝ ռիսկային խմբերի մոտ 300 հազար մարդկանց համար` յուրաքանչյուրին երկու դեղաչափ։ Հաղորդվում է, որ պատվաստանյութի ընդհանուր արժեքը մոտավորապես 6 միլիոն 330 հազար դոլար է, մեկ դեղաչափի միջինացված արժեքը` մոտ 11 դոլար, որը կարող է բանակցությունների արդյունքում նվազել։ 

Վերոնշյալ հարթակ-հիմնադրամի անունը լայն հասարակությանը ծանոթ չէ, սակայն, ոչ բարդ որոնողական օպերացիան գալիս է փաստելու՝ այս հիմնադրամը առնչվում է մեկ այլ, հայ հասարակությանը քաջածանոթ` «GAVI»-ի հիմնադրամի հետ: «COVAX»-ը համատեղ գլխավորում են «GAVI»-ն, Համաճարակներին պատրաստ լինելն ապահովելու նորարարությունների կոալիցիան (CEPI) և ԱՀԿ-ն։ Նրա նպատակը COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մշակումն ու արտադրությունն արագացնելն է, ինչպես նաև աշխարհի յուրաքանչյուր երկրին արդարացի և իրավահավասար հասանելիության երաշխավորումը։ Պատվաստանյութերի և իմունացման գլոբալ դաշինքը (GAVI) մի շարք մասնավոր և կառավարական կազմակերպությունների գործընկերություն է, որի նպատակ է հայտարարվել աղքատ երկրներում մանուկների պատվաստման հասանելիության խթանումը։ «GAVI» դաշինքին մասնակցում են, այդ թվում, որոշ զարգացած երկրների կառավարությունները, ԱՀԿ-ն, ՅՈւՆԻՍԵՖ-ը, Համաշխարհային բանկը, տարբեր երկրների՝ պատվաստանյութ մշակող և արտադրող ընկերությունները, հետազոտական և տեխնիկական գործակալություններ, հասարակական կազմակերպություններ, տարբեր հիմնադրամներ, ներառյալ Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամները։ 

Իհարկե, հարց է առաջանում, ինչու՞ է Արսեն Թորոսյանը որոշել պետական բյուջեից 6 միլիոն դոլար տրամադրել կասկածելի արդյունավետությամբ պատվաստանյութ ձեռք բերելուն, այն դեպքում, երբ աշխարհում կա իրեն արդարացրած և բոլոր փորձարկումներն անցած ռուսական «Սպուտնիկ» վակցինան, որը շուտով կարտահանվի 50 երկիր, այդ թվում` Ադրբեջան: 

Պատճառը թերևս նույնն է, ինչ և նախորդ անգամ, երբ պետական բյուջեից Արսեն Թորոսյանը հարյուր հազարավոր դոլարներ էր ծախսում հանրության վզին Գարդասիլը փաթաթելու նպատակով: Ավելորդ չի լինի նշել, որ Հայաստանի Հանրապետությանը «ԳԱՎԻ» հիմնադրամի կողմից «Գարդասիլ-4» պատվաստանյութն ուղարկվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն պաշտոնապես հանել է «Գարդասիլ-4»-ը շրջանառությունից։ 2017 թվականի մայիսի 8-ին ԱՄՆ կառավարության հիվանդության հսկողության և կանխարգելման կենտրոնը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշվում է. «Այժմ, երբ ԱՄՆ-ում 2017 թվականի մայիսի 1-ին դեղորայքի վերջին չափաքանակի պիտանելիության ժամկետի ավարտից հետո «Գարդասիլ-4»-ը այլևս հասանելի չէ օգտագործման համար, «Գարդասիլ-4»-ի պատվաստանյութի վերաբերյալ տեղեկանքը հեռացվել է պաշտոնական կայքից։ Մատակարարները պետք է օգտագործեն «Գարդասիլ-9» պատվաստանյութի վերաբերյալ տեղեկանքը մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի կիրառման ժամանակ»։ 

Այժմ էլ բանակցելով ռուսական, ամերիկայն և չինական ընկերությունների հետ՝ նախարարի ընտրությունը կանգ առավ հենց այս տարբերակի վրա: Որպեսզի վերջնականապես պարզ լինի, թե ինչու` նշենք, որ 2019 թվականին Թորոսյանը ընտրվել է Գավի հիմնադրամի կառավարման խորհրդի անգամ: Ստացվում է, որ հերթական անգամ նախարարի համար կարևոր են ոչ թե սեփական քաղաքացիների, այլ արևմտյան ֆոնդերի և հիմնադրամների շահերը… 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել