Aysor.am-ը գրում է.

21-րդ դարի պատերազմն առանձնանում է ոչ միայն զինատեսակներով ու մարտավարությամբ, այլև՝ սոցհարթակում տարածվող, կարելի է ասել, հոգեբանական բռնությամբ: Պարտվելու ու բնակավայրդ կորցնելու զգացողությանը զուգահեռ հաճախ ստիպված ես լինում տեսնել, թե ինչպես է թշնամին ավիրում տունդ…

Ադրբեջանցիները համացանցում տեսանյութ են տարածել, որտեղ հստակ երևում է, թե ինչպես են Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում գտնվող Իշխանաձոր գյուղի տներից մեկում խառնաշփոթ ստեղծել:

Aysor.am-ը տեղեկացավ, որ տունը պատկանում է ԱԱԾ Սահմանապահ զորքերի փոխգնդապետ Վահագն, և Արցախի ջրային տնտեսության աշխատակից Էլվիրա Առաքելյաններին:

«Հարազատներս ավելի շուտ էին գտել տեսանյութը, բայց ինձ չէին ուզում ցույց տալ: Ես էլ համացանցից չէի օգտվում: Նոր եմ վերադարձել Արցախից, բացեցի ֆեյսբուքի էջս և առաջին մի քանի մեսիջները հենց տեսանյութի մասին էին… Ես Գյումրիից եմ: Հայրս ջութակահար է, մայրս՝ դաշնակահար: Բայց կյանքը հավես անակնկալներ է մատուցում. հայրս հիմա ԱԱԾ ՍԶ փոխգնդապետ է, իսկ մայրս աշխատում է (գուցե արդեն աշխատում էր) Արցախի ջրային տնտեսությունում: Հենց աշխատանքի բերումով էլ ընտանիքս Գյումրիից տեղափոխվել էր Արցախ` Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղ», - մեզ հետ զրույցում մանրամասնեց ընտանիքի որդին՝ Թովմաս Առաքելյանն, ում լուսանկարը նույնպես դարձել էր տեսանյութի «հերոսների» թիրախը:

Զրուցակիցս խոստովանում է՝ տեսանյութը նայել է հանգիստ, անտարբեր, նույնիսկ՝ քմծիծաղով, քանի որ թուրքական ձեռագիրն իր համար անսպասելի չէր:

«Տան վիճակը վաղուց էինք պատկերացնում, թուրքից այլ բան սպասելի չէր: Իսկ նկարս... Թող դեմքս լավ հիշեն. մոտ օրերս էլի մեկնելու ենք Արցախ: Մեկ էլ տեսար` հանդիպեցինք: Այ էդ ժամանակ իրենց կասեմ, որ ոչ թե Քիմ Քարդաշյանի քրոջ որդին եմ (ինչպես իրենք էին տեսանյութում ասում՝ ծաղրելով), այլ Վարդանի, Մոնթեի, Խրիմյանի, Վահագնի որդին, նրանց գործը շարունակողը», - ընդգծեց նա:

Թովմաս Առաքելյանն Արցախից Հայաստան է տեղափոխվել 2013 թվականին՝ ուսման նպատակով: Սովորել է Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանում, այնուհետև՝ Գևորգյան հոգևոր ճեմարանում: Որոշ ժամանակ իբրև հոգևոր սպասավոր, ծառայել է Տավուշի թեմում, իր խոսքով՝ արդեն Տավուշ աշխարհում շարունակել «ընկերությունը» սահմանի, սահմանապահ գյուղերի, մարտական հենակետերի հետ:

«Այնուհետև զորակոչվեցի բանակ: Ծառայել եմ Էջմիածնի ինժեներասակրավորային ուսումնական գումարտակում, Արարատի N զորամասում, հիմա էլ Վայքում եմ: Հենց Վայքի դիրքերից էլ որոշում ենք կայացրել և, հրամանատարության համապատասխան որոշմամբ, կամավոր մեկնել Արցախ՝ Քաշաթաղի շրջան, մասնակցել մարտական գործողություններին… Ասեմ, որ ճեմարանական տարիներից պարբերաբար այցելել եմ Քաշաթաղ, հոգևոր զրույցներ ունեցել տեղի դպրոցներում և սահմանապահ ուղեկալներում: Հիմա Քրիստոսի մասին անդադար զրուցելու պատիվն ունեմ ծառայակից եղբայրներիս հետ. այս պահին պատրաստվում ենք Արցախից վերադարձած մեր որոշ զինվորների մկրտությանը», - նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել