Armenpress.am-ը գրում է․

Թեհրանը Ղարաբաղյան պատերազմի առաջին օրերից դիվանագիտական մակարդակով կողմերին զգուշացրել է կարմիր գծերը չանցնելու մասին, ինչը, ինչպես հետագա գործընթացները ցույց տվեցին, անտեսվեց և այդ պատճառով Իրանի զինված ուժերի արագ արձագանքման զորքեր տեղակայվեցին սահմանի երկայնքով, հայտնում է իրանական Mashreghnews.ir լրատվական կայքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կայքը, անդրադառնալով Ղարաբաղում կռվող ահաբեկիչների առկայությանը, գրել է. «Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջաններից Ղարաբաղյան հակամարտության գոտում կռվելու նպատակով եկած ահաբեկչական խմբավորումների հարյուրավոր անդամները և Իրանի հյուսարևմտյան սահմաններին կրակահերթերի տարափը ակնհայտ նշաններ են Ղարաբաղյան հակամարտությունում օտարերկրա ներկայության մասին, որը անշուշտ չի վրիպել Իրանի աչքից: Պաշտոնական Թեհրանում, տեսնելով Արաքս գետից հյուսիս ընկած և Իրանի սահմանների մոտ, և նույնիսկ հյուսիսարևմտյան իրանական  որոշ նահանգներում Ադրբեջանի, Թուրքիայի, Իսրայելի և ահաբեկիչների մասնակցությամբ ձևավորված հակաիրանական կոալիցիայի ետևում ինչ է թաքնված, առաջինը սկսեցին կոչերը դիվանագիտական հարթությունից տեղափոխել գործնականի:

Իրանի դիվանագիտական կառույցը բազմիցս հանդես է եկել Կովկասում լարվածության թուլացմանն ուղղված կոչերով, սակայն, երբ Ադրբեջանի ուժերը առաջխաղացում ունեցան Ղարաբաղում, նույնիսկ Իրանի սահմանների մոտ տեղակայվեցին ահաբեկչական խմբեր և նաև հրետակոծվեցին Իրանի սահմանամերձ բնակավայրերը, անհանգստության առիթ տվեցին, և Իրանի դիրքորոշումը կտրուկ փոխվեց, ինչից հետո Իրանը սահմանի այդ հատվածում տեղակայեց իր զորքերը:

Հատկանշական է, որ  Իրանի զինված ուժերի հրամանատարությունն անցած օրերին այցելեց սահմանային գոտի և հստակ հայտարարեց, որ թույլ չի տա, որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը խախտվի, և որ ցանկացած սպառնալիք և անկայունություն կստանա արժանի պատասխան: Ըստ լրատվական կայքին փոխանցված հավաստի տեղեկատվության՝ Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող մի շարք ահաբեկչական խմբավորումներ այդ թվում՝ «Հաքարի», «Բույուք», «Սարիջալի», «Թուրաբադ» և այլ խմբեր, Իրանի զինված ուժերի անմիջական թիրախի և վերահսկողության տակ են:  Մյուս կողմից էլ՝ Իրանի զինված ուժերը լիակատար վերահսկում են Ադրբեջանի կողմից հայկական զինված ուժերի հենակետեր դիտարկման նպատակով թռիչքներ կատարող ԱԹՍ-ները, և համապատասխան միջոցների ձեռնարկմամբ թույլ չի տրվում այս ամենի շղարշի տակ՝ Իսրայելի  ներթափանցման ջանքերը Իրանի սահմանների մոտ»:

Իրանական աղբյուրը նաև  փոխանցում է, որ  Թուրքիան, Ադրբեջանը, Իսրայելն ահաբեկիչներին հովանավորելով և իբրև թե Ղարաբաղը ազատագրելու նպատակով՝ Արաքս գետի հարավային սահմաններին վտանգավոր խաղ են սկսել, և զարգացումների միտումը լավ ցույց է տալիս, որ այս կոալիցիայի կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներում Իրանի հյուսիսարևմտյան սահմանամերձ շրջաններն են, բայց հարկ է նշել, որ Թեհրանում քննարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները`այս  կոալիցիայի սցենարները կասեցնելու ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել