168.am-ը գրում է․

«Բավականին ինտենսիվ մարտեր են ընթանում: Ակտիվորեն հրթիռակոծվում է Ստեփանակերտը, առավոտյան ժամը 07:00-ից մինչև հիմա օդային տագնապի ձայնը չի դադարեցվում, նույնիսկ 10-15 րոպեով: Գուցե ինքնաթիռների կամ այլ հրթիռային համակարգերի վտանգ կա, բայց անընդհատ օդային տագնապի ձայնն ամբողջ քաղաքով լսվում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը:

Նա ընդգծեց, որ թշնամին իր մոտեցումները չի փոխել և չի փոխելու:

«Այստեղ խնդիրն այն է, որ թշնամին փորձում է ժամանակ շահել և որքան հնարավոր է` մեզ վնաս հասցնել թե՛ մարդկային, թե՛ տարածքների առումով, սա է նրա նպատակը»,- հավելեց Դավիթ Բաբայանը:

Նա կարևորեց, որ այսօր Ժնևում կանցկացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Սակայն լավ իմանալով Ադրբեջանին ու Թուրքիային՝ հասկանում են, որ նրանք որևէ պայմանավորվածություն չեն պահպանելու, եթե նման պայման ձեռք բերվի հանդիպման ժամանակ:

Անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, որ պատրաստ է առանց նախապայմանների Մոսկվայում հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Դավիթ Բաբյանն ասաց, որ Ալիևը մեկ անգամ ասում է՝ կհանդիպի առանց նախապայամանների, մեկ ուրիշ անգամ ասում է, որ Արցախը պետք է դառնա անկլավ, և այլ հարց չի քննարկելու, և այլն:

«Այսպիսի իրավիճակ է, այստեղ մեկ բան է մեզ մնում՝ դիմադրել մինչև վերջ և հույսը դնել մեր ուժերի վրա՝ անել հնարավորը, որպեսզի հակառակորդն արնաքամ լինի, այլ տարբերակ չկա»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահն «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում հայտարարել էր Ռուսաստանի մայրաքաղաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին, բայց կասկածում էր Երևանի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով կառուցողական աշխատանքի ունակության վրա:

«Ես նման հրավեր չեմ ստացել (բանակցություններ վարելու Մոսկվայում։ – «Ինտերֆաքս»): Ես բազմիցս մասնակցել եմ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումներին, բայց Հայաստանում Փաշինյանի իշխանության գալուց հետո նման հանդիպումներ չեն եղել: Այդ հանդիպումները Հայաստանի նախորդ նախագահների հետ են եղել, և ես երբեք չեմ խուսափել դրանցից»,- ասել էր Ալիևը:

Հիշեցնենք նաև, որ այսօր Ժնևում տեղի է ունենալու Մինսկի խմբի, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել